168.am-ը գրում է.

Օրեր առաջ պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսին տված գաղտնի հանձնարարականով կրկնակի բարձրացել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը թեև աշխատավարձերի բարձրացումը ճիշտ է համարում, բայց համաձայն չէ գաղտնի ընթացակարգի հետ:

«Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ժամանակ մի քանի անգամ շեշտադրել եմ, որ կցանկանամ, որպեսզի մեր իշխանությունը հիմնվի այն խոստումների վրա, որ լինելու է թափանցիկ և հաշվետու, և ըստ իս՝ այն, ինչ պակասում էր նախորդ իշխանությանը, պետք է լինեն հիմնավորումներ, թե ինչո՞ւ է այս կամ այն որոշումը կայացվում:

Մինչև այսօր դա ամենագլխավոր բացն է, որ գոյություն ունի: Բոլոր բարեփոխումները, կատարվող գործողությունները, տեղի ունեցող միջադեպերը, օրենսդրական նոր նախաձեռնությունները, նոր մոտեցումները ռազմավարական հաղորդակցման շրջանակներում պետք է լինեն: Շատ ժամանակ տեղի է ունենում գործողություն, գալիս են ինչ-որ ռեակցիաներ, դրանից հետո փորձում են տալ հիմնավորումներ: Ժամանակն է, որ մեր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները որդեգրեն այն սկզբունքը, որ, եթե կա տեսլական՝ ինչ գործողություններ ենք անելու, ի սկզբանե ունենան դրա հաղորդակցումը, որ դրանից հետո տեղի ունեցող գործողությունները լինեն գիտակցված հանրության կողմից:

Հիմնավորումների շերտը շատ եմ կարևորում, որովհետև ցանկացած կառավարություն պետք է լինի ոչ միայն թափանցիկ և հաշվետու, այլև պատրաստ լինի հիմնավորել իր մոտեցումները: Իմ կարծիքով՝ սա է այն սրացումների պատճառը, որը տեղի է ունենում մեր հասարակությունում: Երբ կա հիմնավորում՝ դու համաձայն լինես, թե ոչ, հասկանում ես, թե ինչու է այս խնդիրն այսկերպ լուծվել, կամ այլ կերպ: Այսօրվա դրությամբ էլ այս կետը շատ թույլ է իրականացվում, հիմնավորումների բաժինը պետք է ի սկզբանե լինի, որ խուսափենք հասարակության բևեռացումներից: Եթե կա գործողություն, դա բերում է ռեակցիա, որն էլ բերում է բաժանումների:

Այսօրվա դրությամբ մեր միակ գրավականը՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու, մնում է մեր միասնականությունը: Թույլ չտանք բաժանումներ, որոնք կարող են մեր թշնամիներն օգտագործել, ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև տարածաշրջանում զարգացող գործընթացները՝ կապված հենց Արցախի հետ, գնում են դեպի սրացումներ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Երեկ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որ գործընթացը ծածուկ չի եղել, քանի որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը, և, որ դա գաղտնի չի կարող մնալ, քանի որ տարվա վերջում նախարարները, միևնույն է՝ ներկայացնելու էին իրենց հայտարարագրերը: Այս հիմնավորումները Թևան Պողսյանին այնքան էլ չեն համոզել: Մեր հարցին, թե ըստ իրեն՝ ինչո՞ւ է ընթացակարգը գաղտնի եղել, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ ինչ-որ բան գաղտնի արվում է, որ քողարկես քո հետագա գործողությունները, պաշտպանես քեզ հարվածներից:

«Երեկ Վլադիմիր Կարապետյանը շեշտադրումներ է կատարել, որ բոլոր պետական աշխատողները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, որ կարողանան 24 ժամ աշխատելուն նվիրվել: Աշխատավարձի մեծ կամ փոքր լինելը որոշելուց էլ պետք է հանրային քննարկում լինի: Ցանկացած քաղաքական ուժ իշխանության գալուց առաջ իր մոտեցումներն է ներկայացնում, Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ցանկանում է տեսնել Հայաստանը՝ որպես բարձր աշխատավարձի երկիր, տեղին է, կարևոր որոշում է, բայց պրոցեսը…: Համեմատություն են տանում նախկինների հետ, թե նախկինում ծրարներով էին ստանում, այս անգամ արդեն գիտակցում ենք, չէ՞: Դեպքը տեղի էր ունեցել հունվարին, երբ պարգևավճարների աղմուկը բարձրացավ, հանրությունն իր վերաբերմունքն ասել էր:

Նախօրոք պետք է բացատրվեր, որ և՛ նպաստների դաշտում, և՛ թոշակների դաշտում բարձրացումներ ենք անում, բարձրացումներ են լինելու նաև պետական աշխատողների աշխատավարձերում, դրա համար ՀՀ-ում այսօր գործում է օրենք, պատրաստվում ենք այդ օրենքում փոփոխություն անել, եկեք խումբ ձևավորենք, թող աշխատեն, այդ ժամանակահատվածում կարող են լինել քննարկումներ, բայց մինչև այդ իմ հրահանգով ուզում եմ բարձրացնել աշխատավարձերը, քանի որ մարդիկ հիմա են աշխատում, և չգիտենք՝ ինչքան ստիպված կլինենք սպասել: Մինչև օրենքի նախագիծը կմտներ ԱԺ, մինչև քննարկումները կլինեին, մենք կմտածեինք, որ հավելավճարի նման մի բան ենք տվել նրանց:

Նույնը վերաբերում է նաև աղմկահարույց քրեական գործերին, եթե ունեք խնդիր՝ դրա մասին նախօրոք ասեք, հիմա այսպես է՝ մի գործողություն են անում, նայում են արձագանքը, հետո մեկ այլ գործողություն են անում: Մեկ օր ամբողջ երկիրը խառնում են իրար, ով ինչ ասես՝ ում ասես՝ ասում է, դրանից հետո ասում են, թե՝ մենք այսպես ենք կարծում:

Մի ծանուցում կա բոլոր հաղորդագրությունների վերջում, որ մարդը համարվում է անմեղ, մինչև մեղքը ապացուցված չի լինում դատարանում: Բայց դրան բավականաչափ նշանակություն չի տրվում: Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասաց՝ «ես ո՛չ դատախազն եմ, ո՛չ քննիչն եմ, ո՛չ դատավորը», այս սկզբունքը պետք է բոլորը որդեգրեն: Անուններ են տալիս, որոնք քո ընկերներն են, ում հետ ճանապարհ ես անցել, ինչ ասես՝ գրվում է, մեկ էլ պարզվում է, որ նման բան չկա, բայց այդ մարդը հետո ստիպված է լինում դրանով ապրել: Ես անձնապես անցել եմ այդպիսի բաների միջով, դրա համար էի ֆեյսբուքյան իմ էջում գրել, որ՝ եկեք երեխաներին չխառնենք:
Այս ամենը թաքուն է եղել, որովհետև երբ ասում էին՝ լինելու ենք թափանցիկ և հաշվետու, դա չեն պայմանավորել հիմնավորումներով, մնացածը հանրային կարծիքի խնդիրն է: Գաղտնի տեղեկությունները լինում են նրա համար, որ պաշտպանես քեզ, որ քողարկես քո ապագա գործողությունները, որ թույլ չտաս քեզ հարվածեն, փորձում է փակել իր նկատմամբ գործողությունները: Ինչ-որ բանից պաշտպանում են իրենք իրենց:

Ցանկացած երևույթ պետք է ճիշտ հիմնավորել, այստեղ է ճիշտ աշխատող Կառավարությունը երևում, չկա չհիմնավորվող երևույթ, եթե հիմնավորում ես՝ հասկանում են, եթե չեն հասկանում՝ պետք է նայես, կարող է՝ տրամաբանությանդ մեջ մի բան սխալ է»,- ասաց Թևան Պողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել