Pastinfo.am-ը գրում է.

«Անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից Սևանի հետ կապված դրական տեղաշարժ ունենք, մոտավորապես 30 մլն խորհանարդ մետր օրենքով սահմանվածից պակաս ջրառ է իրականացվել Սևանից և մոտավորապես 5 սմ Սևանն ավելի բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ համացանցում նկարներ է տեսել, ըստ որոնց Սևանի ափամերձ հատվածներում ջրի մեջ մնացած ծառերի կոճղերը հատկապես Վարդենիսի հատվածում մաքրում են։

«Սրանք դրական գործընթացներ են, և մենք հուսով ենք, որ դրանք կշարունակվեն տարածվելով կոյուղագծերի մաքրման վրա, անտառածածկ տարածքների, լճի ընդհանուր պլանավորման, տնտեսական գոտու առանձնացման վրա և այլն»,-ասաց պատգամավորը։

Ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ ասաց, որ ամեն տարի Կառավարությունը դիմել է Ազգային ժողովին, որ Սևանա լճից ավել ջրառ իրականացվի։

«Մինչև 250 մլն խորանարդ մետր ջուր են տարել, այսինքն` օրենքով սահմանվածից կրկնակի անգամ ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից։ Մենք առաջարկում ենք, որ 170մլն խորհանարդ մետրը վերին սահմանը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ ու առաջարկ Կառավարության կողմից չներկայացվի ԱԺ, հատկապես՝ հավանականություն կա, որ կունենանք բացասական հաշվեկշիռ նախորդ տարվա հետ համեմատած»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Նա շեշտեց, որ չի կարելի Սևանը դիտարկել որպես ջրի պաշար, որտեղից հենց «նեղվենք» հնարավորություն ունենանք ջրառ իրականացնել։

«Մենք պետք է հիշենք, որ նորմալ ջրառը Սևանից 50-60մլն խորանարդ մետր է, այսինքն` այդ 170մլն-ը հաշվի է առնում իր մեջ, որ Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջ կա, որը պետք է Սևանով բավարարվի։ Կարծում ենք, որ դրանից ավել ջրառը կամ այդ հնարավորությունը պետք է սահմանափակվի»,-ասաց նախագծի հեղինակն ու ավելացրեց, որ հնարավոր է սա խիստ սահմանափակում է ջրային տնտեսության կոմիտեի համար, սակայն Սևանում գործընթացներ կան, որոնք կարող են հանգեցնել անդառնալի կորուստների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել