ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի համար պատգամավորի թեկնածուին ներկայցվող պահանջներ սահմանելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Խորհրդարանն այն քվեարկությամբ ուղարկվեց գրավոր առաջարկների ստացման փուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը գրավոր առաջարկների ներկայացման փուլ ուղարկելու ԱԺ որոշման նախագիծը ստացավ 113 կողմ ձայն: 

Նախագիծը գրավոր առաջարկների ստացման փուլ ուղարկելու առաջարկ արեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նախորդ օրը նախագծի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հիշեցնելով, որ սկզբունքորեն իրենք կողմ են նախագծի բովանդակությանը, առաջարկեց դեմ քվեարկել դրան, հետ ուղարկել երկրորդ ընթերցման առաջարկությունների փուլ և լրամշակելուց ու համալրելուց հետո միայն փաթեթն ընդունել: Վարդանյանը հիշեցրեց՝ ԱԺ կանոնակարգով սահմանվում է, որ եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել ԱԺ որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Արդյունքում նա նախագծի հեղինակին առաջարկեց այս նորմով առաջնորդվելով, նման առաջարկ ներկայացնել ԱԺ-ին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իր ելույթում նշեց, որ պատրաստ են դրան:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել