168.am-ը գրում է․

Խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների մայրերը երեկ ԱԺ-ում հանդիպել են խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ։ Նրանց խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանից, ըստ որի՝ իրենց տղաների գործերը պետք է վերանայվեին, անցել է 1 տարի 6 ամիս, բայց «սայլը տեղից չի շարժվում», ուստի հանդիպում են պահանջում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ:

2010թ. զոհված հետախույզ Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, թեև իր տղայի գործը վերաբացել են, բայց քննիչները «մատը մատին չեն տալիս»:

«Լենա Նազարյանը ոչինչ չխոստացավ: Մենք ասացինք, որ բոլոր պատկան մարմիններին, բոլոր պատգամավորներին դիմելու ենք, որպեսզի մեր 5 զինվորների գործերը բացահայտվեն, որ ամեն մեկն իր ելույթներում այդ հարցը տա, թե մինչև ե՞րբ պետք է փակ լինեն այդ գործերը, մինչև ե՞րբ պետք է քննիչներն ու դատախազներն  անգործ մնան, ինչո՞ւ չեն բացահայտում զինվորների գործերը: Ճիշտ է, վարչապետը ասել է, բայց ասելուց հետո 1 տարի վեց ամիս է անցել, ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի նորություն չկա, «սայլը տեղից չի շարժվում»: Լենա Նազարյանին ասել ենք, որ, եթե հնարավոր է, դիմի Նիկոլ Փաշինյանին, ասի, որ ծնողները Ձեզ հետ հանդիպում են ուզում իրենց տղաների գործերով:

Միգուցե մեր գործերի մասին ո՛չ դատախազ, ո՛չ քննիչ ճիշտը չեն ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ անում ենք գործը, քննությունը գնում է, բայց ի՞նչ ուղղությամբ է գնում, ո՞նց են անում, ո՞նց են խաբում, ճիշտը չեն ասում վարչապետին: Ուզում ենք անձամբ հանդիպում ունենանք, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լինի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լինի, քննիչները լինեն, և նույն հարցերը մենք իրենց տանք վարչապետի մոտ՝ ո՞ր փուլում են գործերը, ի՞նչ գործողություններ եք անում:

Իմ տղայի գործը կարճումից հանել են, բայց քննիչը մատը մատին չի տալիս: Վերջերս հատուկ քննչականի քննիչը տղայիս գործը կասեցրել էր, որ իբրև քննությունը նորմալ անցել է, բայց ոչ մի քննություն չէին արել, քննիչի դեմ մեր փաստաբան Արայիկ Պապիկյանը բողոքել էր, բայց դուրս եկավ, որ երեք նիստերի ժամանակ ո՛չ քննիչը ներկայացավ, ո՛չ դատախազը, ո՛չ վկա, ոչ մեկը չեկավ, դատավորը որոշումը հանեց, տղայիս գործը կշարունակեն քննել, բայց դրանով ոչ մի բան չի որոշվում, պետք է վերահսկվի, Փաշինյանից պետք է նորից հրաման ստանան, որ ոչ ոք իրավունք չունենա այդ գործերը անտեսելու: Մենք իզուր չէ, որ տարիներ շարունակ փողոցներում թափառում ենք, ես տղա եմ տվել բանակին, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը չուզի մեր գործը բացահայտի:

Ես արդարություն եմ ուզում, իմ տղային տարել են ծառայության, պարտավոր էին ՝ ոնց տարել էին, այնպես ողջ առողջ բերեին, ոչ թե ինչ-որ ստոր կենդանի, իր հրամանատարը իմ տղայի գլուխը ուտի, կարճեն գործը, գցեն կողքի: Ես ուզում եմ՝ իմ տղայի գործը բացահայտվի, ես հավի ձու չեմ կորցրել:

Մենք հինգ մամաներով ենք եղել՝ ես, Նանան Մուրադյան, Գոհար Սարգսյան, Արմինե, Հերիքնազ Գասպարյան: Արմիենի տղայի գործը նոր է եղել, մայիսի 6-ին: Զինվորը մոր հետ խոսելիս է եղել, այդ ժամանակ եկել-ծեծել են, բոլոր ներքին օրգանները վնասված են եղել: Մոր հետ խոսակցությունը կիսատ են թողել վիժվածքները, առ այսօր այդ գործը բացահայտված չէ, հինը, ասում են, փաստերն ու ապացույցները կորել են, բա նորը ինչո՞ւ չեն բացահայտում, ինչ-որ մեկին դա ձեռք է տալիս»,- ասաց Իրինա Ղազարյանը:

Ըստ սևազգեստ մոր՝ Ռազմական ոստիկանությունը գիտի, թե ինչ պայմաններում են զոհվել զինծառայողները, բայց չեն ուզում բացահայտել:

«Ձեռք չի տալիս, որ բացահայտեն այս գործերը, եթե անցյալում նայենք՝ ո՞ր մի զինվորի գործն է բացահայտվել, ոչ մեկինը, ոչ մեկինը, չեն ուզում, ձեռք չի տալիս, մենակ իրենք զինվորին տանելու տերն են, բայց ինչո՞ւ չպետք է գործը բացահայտվի, ի՞նչ հանգամանքներում են զինվորին սպանել, ծնողը պետք է իմանա, միայն այն չէ, որ զինվորին տանում են, պետք է ծնողին ասեն՝ ո՞նց է լինում, բոլորն էլ գիտեն՝ ոնց է եղել, առաջին իմացողն էլ ռազմական ոստիկանությունն է եղել:

2010թ. դեկտեմբերի 17-ին իմ տղային որ բերեցին, ՌՈ-ում աշխատում էր Արամ Տեր-Սահակյանը Վովա Գասպարյանի հետ, իսկ այսօր Տեր-Սահակյանը նստած է՝ որպես անկախ փորձագետ, Անդրանիկ Քոչարյանի մոտ, ո՞նց է անկախ փորձագետ, որ իր ձեռքերը արյան մեջ թաղված են եղել, ես իմ ամեն ասածի համար պատասխանատու եմ, իրենց ձեռք չի տվել, որ այդ գործերը բացահայտեն, իրենք լավ էլ գիտեն, հենց դեպքը լինում է, միանգամից ռազմականն է գնում, գործերի մեջ կա երկու դեպք, մեկը՝ ճիշտը, մեկը՝ սուտը, սուտը, որ ծնողներին ասեն, ճիշտն էլ՝ որ մեկը մյուսից գումարներ լափեն, թե չէ բարդ բան չկա, բոլոր գործերն էլ բացահայտված են, ուղղակի չեն ասում»,- ասաց Իրինա Ղազարյանը:

Ավելի քան մեկ ու կես ամիս առաջ սևազգեստ մայրերը նամակով դիմել էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որպեսզի որպես զինվորի մայր՝ հանդիպի իրենց հետ: Իրինա Ղազարյանը վստահեցնում է՝ հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ:

«Աննա Հակոբյանի հետ ուզում էինք հանդիպել, մեր տված դիմումն անգամ տեղ չհասավ, ոմն Նանա, ով չներկայացավ, թե աշխատակազմում ինչով է զբաղվում, ինքը իմ հետ հեռախոսով խոսեց, ասաց, որ արձակուրդի մեջ է Աննա Հակոբյանը, կգա մի շաբաթից՝ կհանդիպենք, անցավ ամիս ու կես: Պատասխանատվություն չկա, որ ասի՝ սպանված զինվորի ծնողը դիմել է, ուզում է հանդիպել: Ընդամենը ուզում էինք ասել Աննա Հակոբյանին, որ՝ Նիկոլ Փաշինյանը Ձեր ամուսինն է, ի վերջո, Դուք զինվորի մայր եք, միգուցե ճիշտ չեն ներկայացնում Ձեր ամուսնուն, այս-այս խնդիրներն են մեզ մոտ, խնդրում ենք՝ որպես մայր, Ձեր ամուսնուն ասեք՝ ինչո՞ւ չեն բացահայտում  մեր երեխեքի գործերը, ծնողն ուղարկել է բանակ, պետությանն է տվել, առ այսօր ոչ մեր դիմումին պատասխան եկավ, ոչ էլ…, դրա համար ուզում ենք անձամբ Փաշինյանին հանդիպել: Նիկոլ Փաշինյանը այն վարչապետը չէ, որ ուզենա՝ իր ասածը ինչ-որ մեկը չանի, ուղղակի իրեն խաբում են»,- ասում է Իրինա Ղազարյանը:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էր հանդիպել սևազգեստ մայրերի մեկ այլ խումբ: Մեր հարցին, թե ինչո՞ւ չմիացան նրանց, Իրինա Ղազարյանը պատասխանեց, որ զարմացել է՝ այդ կանանց այնտեղ տեսնելով:

«Այն կազմակերպության մամաները, որոնք այն օրն այնտեղ էին, ամեն մեկն իր կազմակերպությունն ունի, կախված են Պաշտպանության նախարարությունից, նրանք իրար հետ համագործակցում են: 9 տարի է՝ իմ տղան չկա, այս ինը տարիների ընթացքում ես մի անգամ չեմ տեսել, որ այդ կանանցից որևէ մեկը գար նախկին կառավարության մոտ, ասեր՝ ո՞վ է մեր երեխային սպանել, ո՞վ պետք է պատասխան տա, ես որ տեսա իրենց, ապշեցի: Մարգարիտա Խաչատրյանը մի քանի տարի առաջ եկավ Կառավարության մոտ, ինչ-որ խնդիրներ ուներ այն ժամանակ Գևորգ Կոստանյանի հետ, մեզ ասաց՝ ոչ մեկի գործերն էլ չի բացահայտվի, ինձ խաբել են, ես էլ ձեզ եմ խաբել, ու ներողություն էլ խնդրեց: Հիմա դուրս են եկել, իբրև թե բողոք են անում, ես բառեր չեմ գտնում իրենց ասելու համար»,- ասաց Իրինա Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել