Hraparak.am-ը գրում է.

Որքան շոկային էր 38- ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության լուրը, նույնքան շոկային է սպանության մեջ մեղադրվող 2 եղբայրների՝ Սարգիս և Հրաչ Գալստյանների պատմությունը։ Եղբայրները մինչև դեպքը սովորել են Վարդաշենի՝ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական համար 1 հատուկ կրթահամալիրում՝ Վարդաշենի հատուկ դպրոցում։ Մենք այցելեցինք դպրոց։ Ներկայումս այնտեղ սովորում է շուրջ 40 աշակերտ, աշխատակազմը 70 հոգի է։ Տնօրեն Շողիկ Գուլասարյանի հետ շրջեցինք կրթահամալիրում, մտանք դասարանները։ Տպավորություն ստացանք, որ կրթահամալիրում իրավիճակը վերահսկվում է։ Ապա զրուցեցինք տնօրենի հետ, նա մեզ ապշեցնող մանրամասներ ներկայացրեց․

«Եզակի մարդիկ, որոնք պատկերացնում են մեր երեխաների ճակատագրերն ու կյանքը, որով նրանք ապրել են, կարող են մեր երեխաներին որակել որպես լավ երեխաներ։ Որպես կանոն տարածքի բնակչության դժգոհությունն են մեր երեխաներն առաջացնում, որովհետև ամեն դեպքում իրենք վարքային խնդիր ունեն, և կարող են դա դրսևորել, օրինակ, դպրոցից տուն գնալու ճանապարհին։ Ինչ վերաբերում է Հրաչին և Սարգսին՝ հաճախ լինում է, որ լուրջ վարքային խնդրով սովորողը ուղղակի մեր դպրոցում չի մնում, պարզապես հրաժարվում է․․․ ամբողջությանբ փողոցին ադապտացված տղա երեխան կարող է մեր դպրոցում չդիմանալ, որովհետև այստեղ բոլորն են իր նման, կամ հիմնականում իր նման են ու իրենից ուժեղներն են։ Հրաչն ու Սարգիսը մանկատանն էլ են եղել ագրեսիվ, և՛ իրենց տարածքում հաճախ են ցուցաբերել ագրեսիա, սակայն մարդկանց զարմանալի է թվում, թե ինչո՞ւ Հանրապետական թիվ 1 հատուկ դպրոցում՝ ոչ։ Ես ասում եմ, որ այս դպրոցում իրենք ագրեսիվ չեն եղել։ Ե՛վ Հրաչը, և՛ իր եղբայրը եղել են համեմատաբար հանգիստ սովորողներից, որոնց հետ աշխատակազմը ոչ մի խնդիր չի ունեցել՝ հանգիստ շփվել են և՛ սոցաշխատողի հետ, և՛ հոգեբանի հետ, և՛ ուսուցչի հետ, և՛ դաստիարակի հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենցից ավելի բարդ դեպքեր կան իրենց կողքին։ Ագրեսիայի արտահայտության դեպքեր եղել են, երբ ծայարահեղ իրավիճակներ են եղել։ Ենթադրենք՝ անընդհատ ինչ-որ մեկը հոգու հետ խաղացել է, բնականաբար, այդ ժամանակ հունից դուրս են եկել, բայց ընդհանուր առմամբ ագրեսիա չեն ցուցաբերել»,- ասաց տնօրենը։

Հարցրինք՝ եղբայրների մայրը երբևէ հետաքրքրվե՞լ է երեխաների ճակատագրով, եկե՞լ է դպրոց, մասնակցե՞լ է ծնողական ժողովների։ Պարզվեց, որ ժամանակին տղաների մայրը դատապարտվել է ազատազրկման՝ որդիներից ավագին՝ Սարգիս Գալստյանին դանակահարելու համար․  «Ոչ, ավելի շատ մորը հանդիպել ենք տունայցերի ժամանակ, երբ մոր իրավունքները վերականգնվել էին։ Երբ մայրը դատապարտված էր, երեխաները Իզմիրլյանից են եկել այստեղ, մինչ այդ Մարի Իզմիրլյանն է եղել օրինական ներկայացուցիչը, որովհետև մեր բոլոր սովորողներն ունեն կամ ծնողներ, կամ օրինական ներկայացուցիչներ։ Եթե մայրը ի վիճակի է դանակահարել իր մանկահասակ երեխային․․․Ես զայրույթի պոռթկումով էլ  դանակահարությունը նորմալ չեմ համարում, սակայն բացված է եղել կրծքավանդակը, վնասված են եղել օրգաններ, դա երեխաների ճակատագրով հետաքրքրված մոր արա՞րք է, դրանից ավելին ես չեմ կարող ասել․․․Անընդհատ ալկոհոլի ազդեցության տակ է։ Ես կարծում եմ, որ ոչ միայն իրենց սոցիալական վիճակը, այլև մոր կարգավիճակն է նպաստել իրենց վարքային խնդիրներին։ Մեր պրակտիկայում դա միակ դեպքն է եղել, որ մայրը դանակահարած լինի իր երեխային․․․ կամ, ասենք, ծնողի համար նորմալ է, որ երեխան մուրացկանություն է անում։ Եղել են դեպքեր, երբ ծնողն է դրդում երեխային մուրացկանության։ Դրա հետ կապված մտավախություններ ենք ունեցել, և հանգստյան օրերին, երբ երեխան տուն է գնացել, լրացուցիչ այցելել ենք տուն, որպեսզի հասկանանք երեխան տա՞նն է, թե՞ ուղարկել են մուրացկանության»։

Իսկ դեպքից հետո հանդիպում եղե՞լ է եղբայրների մոր հետ, տնօրենն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել․ «Չէի ասի, որ անտարբերությամբ պատասխանեց, ուղղակի ինքը պնդում էր, որ բոլորով միասին քնել են, միասին արթնացել են, որ երեխաները տանից դուրս չեն եկել։ Հրաչը նախորդող շաբաթ դպրոցում չէր եղել, այդ ամբողջ ընթացքում մենք զանգում էինք, մայրը ասում էր, որ տանը չէ, հետո ոստիկանության միջոցով պարզեցինք, որ տանն է։ Դա հոկտեմբերի 7-ից 11-ը ընկած հատվածն էր, վերջին անգամ հոկտեմբերի 4-ին էր եկել դասի»։ Տնօրենի խոսքով՝ նախկինում էլ եղբայրները ոստիկանությունում հայտնվել են։

«Ամառային արձակուրդների ընթացքում Գալստյան Հրաչը մեծաթիվ գողություններ է արել մեր դպրոցի մեկ այլ սովորողի հետ։ Տարբեր տարածքներից գողություններ էին արել, և պարբերաբար ոստիկանությունում էին հայտնվում, մենք ունենք  աշխատակից, որն այդ գործերով է զբաղվում՝ մասնագիտացված կրթական աջակցություններով փոխտնօրենը։ Մեծ եղբայրը ախտորոշում ունի՝ մտավոր հետամնացության, որը իրեն թույլ էր տալիս միջնակարգ կրթությունը չավարտել, իսկ Հրաչը սովորում էր 11-րդ դասարանում»։

Մենք կապվեցինք նաև եղբայների մոր՝  Ռիտա Գալստյանի հետ, նախ հետաքրքրվեցին, թե ե՞րբ է վերջին անգամ հանդիպել որդիների հետ․«Երեկ եմ տեսել, «պերեդաչի» եմ տարել, ամեն ինչ էլ արել եմ, ի՞նչ կա»,- պատասխանեց մայրը,-«Վիճակը շատ լավ էր, ու պատմեց, թե ոնց ա եղել էս ամեն ինչը։ Ես կարո՞ղ եմ, չէ՞, Ձեզ հարց տալ՝ եթե զենքը քոնն ա ու խփած ա քո կողքին, իմ 16 տարեկան երեխան, ինքը կարողանո՞ւմ ա էդ զենքը խլի անփորձ ոստիկանի ձեռքից։ Կասկածս էն ա, որ ոստիկանը մի բան արել ա, դրա համար երեխես ագրեսիվ ա, հիվանդ տղա ա, 2-ն էլ հոգեկան խնդիրներ ունեն։ Էն մեկը թերաճ ա, այսինքն՝ իմ անելուց հետո կարող ա լինի թերաճ, բայց ես դրա համար արդեն դատվել եմ»։

«Անել» ասելով  Ռիտա Գալստյանը նկատի ուներ, որ դանակահարել է որդուն և դրա համար 3 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկվել՝ պատիժը կրել է «Աբովյան» ՔԿՀ-ում։ Իր արարքը նա բացատրեց հետևյալ կերպ․«Ինքը պուճոր ժամանակ շատ չար էր, ես որ հղի էի, չէի դիմանում էդ ծանրությանը։ Հետո խփել եմ էն մեկին, դատվել եմ»։ Մայրը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ ոստիկանից խլված և սպանության գործիք դարձած ատրճանակը ոստիկանները հայտնաբերել են հենց իր պայուսակի մեջից․

«Ճիշտ է, այո։ Ես շոկի մեջ էի, որ այդ զենքը տեսա, վերցրի, պահեցի սումկայի մեջ։ Ուզում էի տանեի վապշե կորցնեի, գցեի զիբիլանոց, բայց այնպես ստացվեց, որ գցեցի դռան հետևը։ Ինձ հարցրին՝ Դուք ձե՞ռք եք տվել, ասացի՝ ոչ, վախ կար մեջս»։ Ապա պատմեց իր եւ որդու զրույցի մասին․«Զղջում ա, շատ ա զղջում։ Հրաչը ասում ա ՝ մամ ջան, չգիտեմ՝ ոնց ստացվեց, քաշքշեցիք իրար, ես էլ ուզում էի ախպորս փրկեի, բայց չկարողացա»։ Հարցրինք, թե նախկինում երբևէ խոսե՞լ է իր տղաների հետ, բացատրե՞լ է, որ գողություն անել չի կարելի․«Ես իրենց 10 դրամը էսքան ժամանակ չեմ տեսել։ Ես աշխատում եմ զիբիլանոցում, Սարգիսն էլ աշխատում էր Սովետաշենի զիբիլանոցում, շատ չնչին գումար էր բերում, դրանով էլ գոյատևել ենք։ Այնպես չի, որ իմ երեխուց դժգոհ եմ եղել, էդ երեխեն շատ հիվանդ երեխա ա, բայց էդ օրը չգիտեմ ոնց ա ստացվել, ես քնած եմ եղել, ես ամեն ինչը իմացել եմ իմ երեխուց, էսօր էլի 2 հոգի եկան, սաղ գրել եմ տվել»։ Գալստյանը իր երեխաների վատ դաստիարակության մեղավոր համարում է իրավապահներին՝ ասելով, որ նախկինում գողության համար ոստիկանները տարել են, ինքը որդիներին «քաղմաս» է տվել, բայց արագ բաց են թողել, չեն պատժել․«Քաղմասը 2 հատ ստորագրություն ա վերցրել, բաց ա թողել երեխեքին, այսինքն՝ էդ օրե՞նք ա, բա անփորձ ոստիկանը խի՞ պիտի զենք ունենա։ Ես իրենց անընդհատ ասել եմ, բալես,  հորս արև, շան ծնունդ լինեմ, ասել եմ՝ էդ կյանքը որ ես տեսել եմ, չեմ ուզում, որ դու տենաս։ Ես 67 թվի աղջիկ եմ, ուզում եմ իմ երեխեքին բաց թողնեն»։ Նա նաև նշեց, որ ուզում է գնալ զոհված ոստիկանի ընտանիքից ներողություն խնդրել, սակայն վախենում է․ «Գնամ, ոտքերը լվանամ, բայց մեջս վախ կա»։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել