Pastinfo.am-ը գրում է.

«Ես տեսնում եմ խնդիր կապված ոչ թե կոռուպցիոն ռիսկերի այլ այն հանգամանքի, որ կառավարությունը չի ուզում թափանցիկ աշխատել եւ այն գործողությունները, որոնք իրենց կարծիքով լավ արձագանք չեն ստանա, չեն հանրայնացվում »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել են նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը: 

Հիշեցնենք, նախօրեին «Հետք» պարբերականը հրապարակեց մի հոդված,որտեղ նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը, ըստ պարբերական տրվել է հուլիս ամսին:

«Մտածում են, որ եթե այդ մասին հանրությունը իմանա, մեղմ ասած այնքան էլ հաճելի լուր չի լինի, որովհետեւ մոտ 2 անգամ բարձրացնել այն դեպքում, երբ այլ կատեգորիաների քաղաքացիների համար ավելացում չկա, բնականաբար լավ չէր ընդունվեի»,-նշեց Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյանը նկատում է՝ ասպարեզից հեռացվեց այն իշխանությունը, որը ժողովրդի կարիքներին արհամարհական էր վերաբերվում, կային աղքատության բարձր մակարդակ եւ սոցիալական խնդիրներ եւ ամենամեծ խնդիրը սոցիալական անհավասարությունն էր։ Հիմա, ըստ Հոկտանյանի, ստացվում է այնպես, որ գործող իշխանությունը կրկնում է նախկիններին բնորոշ ոչ թափանցիկ գործելաոճը։

Վարուժան Հոկտանյանը ենթադրում է, որ իրականում ոչ թե աշխատավարձի բարձրացման մասին է խոսքը, այլ պարգեւավճարների, որովհետեւ հակառակ դեպքում կստացվի այնպես, որ իշխանությունը ուղղակի շրջանցել օրենքը։

Վարուժան Հոկտանյանը շեշտում է՝ առհասարակ, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկը պետաական պաշտոն զբաղեցնող անձանց համար արժանավայել աշխատավարձի ապահովումն է եւ երբ բարձրաստիճան պաշտոնյաները բավարար աշխատավարձ չեն ստանում, կոռուպցիոն ռիսկեր են առաջանում, սակայն նման հարցերում կառավարությունը պետք է թափանցիկ գործի։

«Գաղտնի անելը, մեղմ ասած, շատ տհաճ երեւույթ է»,-եզրափակեց Վարուժան Հոկտանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել