Թրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։

«Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը։

Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջերմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, բայց մեր պետությունները պատմության բերումով դարձել են աշխարաքաղաքական հակառակորդներ։

Հիշեցնեմ, որ դեռ հեռավոր 90-ականներին Ուկրաինան պաշտոնապես սատարում էր Ադրբեջանին, անգամ մինչեւ Ղրիմի հարցը, բայց ժողովուրդների միջեւ բարեկամությունը շարունակվում էր։ Վկան՝ նաեւ մեր մարդաշատ եւ ուժեղ ուկրաինահայ համայնքը։

Իհարկե, այսօր ստեղծված իրավիճակում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել միջպետական հարաբերությունների կարգավորման համար։ Ավաղ, նոր իշխանությունների օրոք ոչ Փաշինյանի ուկրաիներենով թվիթերը, ոչ Նիկոլի՝ Պուտինի հետ շփվելու մասին Զելենսկուն տրված խորհուրդներն իրենց արդյունքը չտվեցին։

Օրինակ՝ ուկրաինական ԱԳՆ-ի՝ Արցախ այցելուների մասին հայտնի հայտարարությունը։

Եւ ահա, կրկին փորձեք։ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ողջունում է իրականում շարքային մի բան՝ խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը։

Ուկրաինայի հետ մեր ԱԺ-ն բարեկամական խումբը վերստեղծել է 2019 թվականի ամռանը։ Մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում գոյություն ուներ։ Ու ի՞նչ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն մերինի նման հայտարարությո՞ւն է արել։ Մեր ԱԺ-ի որոշումը հատուկ ողջունե՞լ են։

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք։ Եթե այս դեպքում սիմետրիկ հարաբերություններ չեք կարողանում պահել, բա գերտերությունների հետ հարաբերությունների մասին ի՞նչ եք մեծ-մեծ փրթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել