Pastinfo.am-ը գրում է.

Խորհրդարանը դեմ քվեարկեց ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ Մանե Թանդիլյանն ըստ էության առաջարկում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորել բոլոր այն մարդկանց, ովքեր գնում են իրենց առողջությունն ապահովագրելու. «Եթե այդպես է, ավելի լավ չէ՞ր միանգամից եկամտահարկի փոխարեն ուղիղ ֆինանսավորում կատարվեր։ Հասկանում եմ՝ ինչ խնդիր եք ուզում լուծել, բայց էլի եմ ասում, որ այդ խնդիրն այդպես չի լուծվելու»,-ասաց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նիստում հարցը քննարկվել է և՛ առողջապահության, և՛ ֆինանսների տեսանկյունից. «Երկու առումով էլ օրենքի ընդունումը համարվել է ոչ նպատակահարմար»։

Մանե Թանդիլյանը գործընկերներին հորդորեց խորհրդարանական դահլիճում հարցը քննարկել, լսել բոլոր հարցերի պատասխանները և նոր որոշում կայացնել.

«Սա եզակի հնարավորություն է բժշկական ապահովագրության միջոցով ծառայությունների որակն այնպես բարձրացնել, որ հետագայում մեր քաղաքացիները կարողանան լիարժեքորեն ՀՀ-ում օգտվել բժշկական հաստատություններից»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել