Չինաստանում դատապարտել են մրցակցի սպանությունը պատվիրած գործարարին և հինգ վարձու մարդասպանների, որոնք հերթով միմյանց են փոխանցել պատվերը: Այս մասին գրում է Sina պարբերականը:

2013 թվականին գործարարը քիլեր է վարձել՝ նրան 2 միլիոն յուան վճարելով: Վարձու մարդասպանը չի կատարել պատվերը, այլ գումարի կեսն իրեն է պահել և ինքն է նույն նպատակով մարդասպան վարձել՝ տալով նրան գումարի մնացած կեսը: Երկրորդ մարդասպանը նույն ձևով երրորդին է փոխանցել պատվերը, երրորդը՝ չորրորդին, չորրորդը՝ հինգերորդին:

Քիլերներից վերջինին 100 հազար յուան է հասել, սակայն նա չի ցանկացել այդ փողի դիմաց սպանություն կատարել և դիմել է զոհին՝ առաջարկելով կեղծ սպանություն կազմակերպել: Նա համաձայնել է և սպանությունը բեմականացնելուց հետո որոշ ժամանակով Հուանսիից Շանհայ է մեկնել:

Շանհայից վերադառնալուց հետո գործարարը փորձել է պարզել իրական պատվիրատուին, սակայն չի կարողացել և ոստիկանություն է դիմել: Այնտեղ սկզբում կասկածամտորեն են վերաբերվել նրա պատմությանը, սակայն հետաքննություն են սկսել և շուտով մի քանի կասկածյալներ ձերբակալվել են: Գործի 6 գործող անձանց նկատմամբ դատավարությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, մեղավորները ազատազրկման տարբեր ժամկետների են դատապարտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել