Pastinfo.am-ը գրում է.

Անձի նույնականացնող տվյալը միայն անուն-ազգանունը չէ, այլ ցանկացած տեղեկություն, որը որոշակիացնում է, թե ում մասին է խոսքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը։

Ավելի վաղ հաղորդել ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը շոշափող քրեական գործի հարուցումը  Գ.Կոստանյանը որակել էր խնդրահարույց՝ նշելով, որ այն հակասում է Եվրոպական կոնվենցիային։ Ի հիմնավորումն իր այս գնահատականի՝ նախկին գլխավոր դատախազը մատնանշել էր քրեական գործ հարուցելու մասին որոշման բովանդակությունը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն օրեր առաջ հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Հրայր Թովմասյանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ  հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով։

 «Իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու որոշման մեջ ուղիղ նշվել է Հրայր Թովմասյանի անունը։ «Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ  երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող:  Մինչդեռ Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Այս փուլում արդեն կարող ենք  արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային»,- «Փաստինֆո»-ին ասել էր Գ.Կոստանյանը։

Գ.Կոստանյանի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել այդ թվում իրավաբանական համայնքի շրջանում։ Իսկ որոշ իրավաբանների կողմից նաեւ կարծիք է հայտնվել առ այն, թե որոշման մեջ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի  անունը բառացի գրված չէ, բացի այդ՝ քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ եւ ոչ թե կոնկրետ անձի նկատմամբ։

 Պարզաբանման համար «Փաստինֆո»-ն դիմեց  Գ.Կոստանյանին, ի վերջո, ինչ ասել է անձի վերաբերյալ տվյալ եւ հետո՝ իշխանության յուրացումը եղել է անհայտ անձանց կողմից,թե որոշման մեջ մեղսագրվում է կոնկրետ անձանց շրջանակ։

«Խնդիրը նրանում է, որ, ցավոք սրտի, մեր իրավաբաններից շատ-շատերը դեռեւս գնահատման առարկա են դարձնում ներպետական օրենսդրության մակարդակն ընդհանրապես։ Ընդ որում, շատ կարծիքներ են լինում, որ քրեական գործը փաստի կապակցությամբ է հարուցվում եւ ոչ թե անձի նկատմամբ։ Իհարկե, դա անվիճելի փաստ է, Եվրոպական կոնվենցիայի իմաստով, եթե անգամ քրեական գործ հարուցելու որոշման մեջ կա անձին նույնականացնող  որեւէ տվյալ՝ դա արդեն խնդրահարույց է։ Կապ չունի կոնկրետ անունն է նշված, թե ազգանունը, թե հայրանունը, կամ պաշտոնը»,- ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչը։

Նրա խոսքերով՝  երբ նշվում է «2012-2014թթ. բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը» ձեւակերպումը, ապա դա արդեն թույլ տալիս է նույնականացնել, թե ում մասին է խոսքը։ «Երբ քրեական գործը հարուցելու որոշման մեջ անձի նույնականացումն ապահովված է՝ ապա Կոնվենցիայի իմաստով տվյալ անձը փաստացի եւ բովանդակային առումով գտնվում է մեղադրյալի կարգավիճակում։ Ես չէի կարծում, որ այդ աստիճան դետալացման անհրաժեշտություն կար, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, իրավագիտակցության մակարդակն այնպիսին պետք է լինի, գոնե առնվազն  այն մարդկանց մոտ, որոնք Եվրոպական կոնվենցիային եւ ՄԻԵԴ նախադեպային որոշումներին ծանոթ են , որ խոսքը վերաբերում է անձի նույնականացումն ապահովող պայմաններին, տվյալներին»,- ասաց Գ.Կոստանյանն ու ընդգծեց. «Եթե քրեական գործի հարուցման որոշման մեջ անձը նույնականացվել է՝ կապ չունի, թե ինչ չափանիշով, կլինի դա  բնութագրող տվյալներով, թե պաշտոնի վերաբերյալ տեղեկություններ մատնանշելով, ապա դա արդեն նշանակում է, որ տվյալ անձի նկատմամբ բովանդակային առումով՝ Կոնվենցիայի իմաստով  հարուցված է քրեական հետապնդում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել