Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Յուրի Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը:

«Մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության նախարարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՇՄԱԳ-ի թույլտվության վրա: Երբ գործը վարույթ է ընդունվում, բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի-ի ՊՈԱԿ-ը իր հերթին շահագրգիռ մարմիններ էր ուղարկում ՇՄԱԳ-ի հաշվետվությունը: Այդ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացությունն ստանալուց հետո իրենք էլ են եզրակացություն կայացնում և ուղարկում նախարարին՝ հաստատման: Յուրի Իվանյանի մասով ծառայողական քննություն ընթացել է, և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի էլ ունեցել»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Նա հայտեց, որ օրենքով սահմանվում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի, այս դեպքում զուտ իրավական առումով խախտում չկա:

Ինչ վերաբերում է Յուրա Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, Հայկ Գրիգորյանը նշեց, որ դա այդպես չէ. «Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, և նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Եթե նախկինում նա ղեկավարել է սեփականության դեմ ուղղված, կոռուպցիոն հանցագործությունների, կիբերհանցագործությունների դեմ ուղղված վարչությունը, կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է: Ինքը մնացել է նույն պաշտոնում, անունն է վերանվանվել»:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանն ու նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խնամիներ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել