Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի այն մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020թ․ 14%-ով, և պաշտպանական ծախսերի առնվազն համամասնական աճն անհրաժեշտություն է հակառակորդի սրվող մարտաշունչ հռետորաբանության պայմաններում։

Այն ժամանակ գտնվեցին «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» որոշ իմաստուններ, որոնք ջանք չէին խնայում բացատրելու, թե որքան հեռատես է վարվում ՀՀ Կառավարությունը՝ չավելացնելով պաշտպանական բյուջեն և միջոցներն ուղղելով այլ, «խաղաղ» նպատակների։

Հակառակորդի պատասխանը, սակայն, սպասել չտվեց։ Հոկտեմբերի 18-ին հրապարակվել է Ադրբեջանի՝ 2020թ․ պետական բյուջեի նախագիծը։ Թեև ընդհանուր պետական բյուջեի ծախսերն աճում են ընդամենը համեստ 1,7%-ով, պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով՝ հասցվելով 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, ընդ որում՝ դրանից 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Հակառակորդը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար․ սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակի ընթացքում։

Պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, թե սա ինչ է նշանակում, և ինչի է պատրաստվում հակառակորդը՝ հերթական միլիարդը նետելով սպառազինությունների ձեռքբերման վրա։ Այս պայմաններում ՀՀ Կառավարության ներկայացված 2020թ․ բյուջեի նախագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե չասեմ ավելին։

Ես ստիպված եմ եղել այս կապակցությամբ բացել որոշ փակագծեր ստորև ներկայացված հարցազրույցում, մինչ այդ կոչ եմ անում թե՛ ՀՀ Կառավարությանը, թե՛ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին և թե՛ ԱԺ անհատ պատգամավորներին դուրս գալ այս երանելի թմբիրից, գիտակցել պահի պատասխանատվությունը և վերանայել ՀՀ 2020թ․ բյուջեի պաշտպանական հատկացումները՝ համարժեք պատասխան տալու մեր շուրջը սրվող իրական մարտահրավերներին։

Կից նյութն այստեղ՝ Հակառակորդը հարձակման հող է նախապատրաստում, մենք նվազեցնում ենք ՊՆ-ի ծախսերը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել