Pastinfo.am-ը գրում է.

Շատերը, կրթություն ասելով, հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է նախակրթարանից և ավարտվում է ինչ-որ տեղ՝ համալսարանում կամ որևէ կետում։ Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է։ Այս մասին «Կրթություն բոլորի համար» ամենօրյա եռօրյա համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, երբ քննարկում ենք մեր երկրի ռազմավարական տեսլականը, մի կետ ունենք՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ ՀՀ-ում։ Նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի իր ողջ կյանքում։ Մի կարգախոս եմ առաջարկել, որ մեզանից յուրաքանչյուրի կրթական մակարդակը պետք է ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ կրթություն ասելով նկատի չունի միայն ակադեմիական գիտելիք, քանի որ կրթությունն ամեն ինչ է։

ՀՀ վարչապետի համար երազանքի կրթությունն այն է, երբ չկա դիմադրություն, հակադրություն ուսուցչի և աշակերտի, աշակերտի և դպրոցի միջև. «Իմ երազանքի կրթությունն այն է, երբ ընդլայնվում է երեխայի աշխարհայացքը, քաջալերվում է ավելին իմանալու նրա ձգտումը։ Երազանքի կրթությունն այն է, երբ մարդու իմացության սահմանները չեն սահմանափակվում»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել