Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: 

Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.

1. Հիմնադրամները և քաղաքական կուսակցությունները, երբ «հավաքների և ցույցերի մասին» թիվ 2911 օրենքի շրջանակում չեն ներառվում, ապա ո՞ր իրավական հիմքով է արգելվել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը:

2. Այս միջազգային գիտաժողովը, որը կայանալու էր Թուրքիայից և արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, ո՞րն է այն փաստարկը, որ արգելվել է նախ Կեսարիայում, ապա Ստամբուլում:

3. Ինչպե՞ս կարող եք բացատրել այդ մասնակիցներին, որ այդ միջազգային  կոնֆերանսը, որի իրականացմանը ժամեր էին մնացել, առանց որևէ փաստարկ ներկայացվելու արգելվել է:

4. Ինչու՞ է ձեր կառավարությունը աջակցելու փոխարեն փորձում արգելել Հրանտ Դինք հիմնադրամի գործունեությունը, որով զարգացնում է երկխոսության, խաղաղության և ապրումակցումի մշակույթը:

5. Այս արգելման որոշումները կայացրել եք, որպեսզի չխոսե՞ն Կեսարիայում և ողջ շրջակայքում մինչև 100 տարի առաջ գոյություն ունեցող բազմամշակութայնության, տարածաշրջանում ապրող հայերի և նրանց ճակատագրերի մասին:

Հիշեցնենք, որ երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել էին և բոլոր բանախոսները թե՛ Թուրքիայից, և թե՛ աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ էին եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ: Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել