Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը սեպտեմբերի 7-ից 28-ը գործուղվել է ԱՄՆ:

Ազգային ժողովից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը «Աշխատանքային իրավունք և վերահսկողություն թեմայով «Միջազգային այցելու» ծրագրին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ԱՄն դեսպանատան հրավերով:

«Վերջինս փոխանակման ծրագիր է, որը կազմակերպել և ամբողջությամբ ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը»,- նշված է պատասխանում:

Միևնույն ժամանակ Ազգային ժողովից տեղեկացրել են, որ ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնել էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀԿ ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ ԱԺ կայքում պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի մեկնելու մասին տեղեկություն չկա:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ն միայն 2019 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 48 մլն դրամ, ինչը մոտ 30%-ով ավելի է 2018-ի և մոտ 50%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Tert.am-ն ԱԺ կայքից տեղեկացել է, թե ԱԺ պատգամավորները ինչ գործուղումներ են կատարել:

Եվ այսպես. սպետեմբերի 2-ին ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ:

«Աշխատանքային իրավունք և վերահսկողություն» թեմայով «Միջազգային Այցելու» ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 7-28-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) է գործուղվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: (Վերը նշել ենք, որ հրավիրող պետության կողմից է արվել ծախսերը):

ԵԱՀԿ նախագահության «Անվտանգության ոլորտի կառավարում և բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) է գործուղվել  ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 69-րդ նստաշրջանի շրջանակում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների տեխնիկական հանդիպման-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) է գործուղվել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Եվրասիական շաբաթ» խորագրով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Մամուլի ազատությանը և լրագրողների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 8-12-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Աննա Կոստանյանը, Շաքե Իսայանը:

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանների առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Տարոն Սիմոնյանը և Նորա Առուստամյանը: 

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Էդուարդ Անդրեասյանը, Էդուարդ Բաբայանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-20-ը ներառյալ Գիրեսուն (Թուրքիա) են գործուղվել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:

«Խորհրդարանական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ Արևելյան Եվրոպայում և կենտրոնական Ասիայում» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-19-ը ներառյալ Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի սեպտեմբերի 24-27-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) են գործուղվել Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել