Tert.am-ը գրում է.

2020 թվականի պետական բյուջեի, այդ բյուջեով ռազմական ծախսերի կրճատման, տնտեսական հեղափոխության տեսանելիության, դրա համար տարվող կառավարության քայլերի և մի շարք այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

- Դեռևս փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխությունն իրենք պատրաստվում են իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ Արդյո՞ք քաղաքական և տնտեսական հեղափոխությունը հնարավոր է իրականացնել նույն եղանակով, և արդյո՞ք հիմա տեսանելի է տնտեսական հեղափոխությունը, կամ անհրաժեշտ քայլեր արվում են դրա համար:

-Տնտեսական հեղափոխությունը սկսեց և ավարտվեց այդ հայտարարությամբ. տնտեսական քաղաքականության արմատական բարեփոխումներ տեղի չեն ունեցել,  նույնիսկ չի նախանշվել: Այս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարությունների ծայրահեղ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, ինչի արդյունքում հարուստները ավելի են հարստանում, աղքատները՝ ավելի աղքատանում: Մեր պաշտոնյաների կարծիքով՝ հարուստները պետք է ավելի հարստանան, որ պահեն բոլորին, նման կերպ որևէ երկիր չի զարգացել, մերն էլ բացառություն չի լինի: Վերջին մեկ տարվա ընթացքում հապշտապ, առանց խոր մասնագիտական քննարկումների Ազգային ժողով բերվեց և անցկացվեց եկամտային հարկի համահարթեցման և շահութահարկի տոկոսադրույքի իջեցման հարկային օրենսդրության փաթեթը, ինչի արդյունքում հարկման բեռը հարուստներից տեղափոխվեց ամբողջ հասարակության վրա: Եվ երբ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի այս հարկային մոդելը, մեր երկրում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ավելի կխորանա: Այս և նախորդ կառավարությունները սիրում էին նշել, որ պետք է ապահովել ներառական աճ, զարգացում: Ներառական աճը բաղկացած է տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչների աճերից. արդյոք մենք կարողանում ենք ապահովել նման զարգացում, միանշանակ է, որ ոչ:

-Ինչպիսի՞ն կգնահատեք 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը, և արդյո՞ք դրանով հնարավոր է ապահովել տնտեսական զարգացում:

-Յուրաքանչյուր երկրի համար պետական բյուջեն տալիս է երկրի զարգացման տեմպը, և ուղղությունը նախանշող ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթն է, և այստեղ է, որ պետք է պետությունը նկարագրի իր տնտեսական տեսլականը և դրան հասնելուն ուղղված քայլերը: Գործող իշխանությունները նախընտրական շրջանում և դրանից առաջ մեծ, ճոխ խոստումներ էին տվել, ինչը հասարակության մեջ մեծ սպասումներ է առաջացրել, որոնց չբավարարելը կարող է հանգեցնել հիասթափության ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսի մոտ: Չնայած որ այս իշխանությունները խոստացել էին, որ մեկ տարվա ընթացքում ստվերի կրճատման հաշվին հնարավոր է պետական բյուջեն ավելացնել 30 տոկոսով, առաջարկվող բյուջեի նախագծում ծախսային մասը աճել է 14.1 տոկոս, ինչը, անշուշտ, ողջունելի է:

Անհասկանալի և անընդունելի է, որ 2020 թվականի ընթացքում այս կառավարությունը նպատակադրել է հասնել 4.9 տոկոս տնտեսական աճին, ինչը հեղափոխական ցուցանիշ չէ, և ոչ էլ դրա միջոցով հնարավոր է լուծել կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները: Ստեփանակերտում վարչապետը հայտարարել էր, որ 2050 թվականին մեր երկրի ՀՆԱ-ն պետք է աճի 15 անգամ, այս ցուցանիշին հասնելու համար տարեկան  նվազագույնը 9.5 տոկոս տնտեսական աճ է պետք ապահովել, ըստ էության՝ տնտեսական պլանավորումը և կանխատեսումը, մեղմ ասած, հուսադրող չէ: Միանշանակ է, որ պետք է դրական գնահատել, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում շուրջ 82 տոկոսով ավելացվել է տնտեսական հարաբերություններին ուղղվող գումարները, սակայն անհասկանալի է, թե ինչու է վերցվել 2019 թվականի պետական բյուջեի տնտեսական աճի 4.9 տոկոսը: Այսինքն՝ շատ գումարներ ծախսելով ունենալու ենք նույն տնտեսական աճը, զարգացումը: 10 տոկոսով սոցիալական ծախսերի աճը կարևոր է, սակայն ոչ բավարար՝ հիմնական խնդիրը աղքատությունը կրճատելու և մարդկանց բարեկեցությունը ավելացնելու համար:

Այս իշխանությունները, կարծես թե, մոռացել են պարտադիր կուտակային  համակարգի բարելավման իրենց խոստումները, և 2020 թվականի ընթացքում ևս այս գումարները պետական բյուջեի հոսելու են մասնավոր ֆոնդերի կառավարիչների գրպանը: Մի հատկանշական փաստ ևս, պետական համակարգի արդյունավետությանը լոկ ծախսերի նվազման միջոցով չպետք է հասնել, հանրությանն առաջին հերթին հետաքրքրում է արդյունքի աճը, այսինքն՝ պետք է զգալի, տեսանելի կյանքի որակի փոփոխություն գրանցել, կրթական և առողջապահական ծառայությունների արդյունավետությունը գնահատել նրանց ձեռքբերումներով, ոչ թե ծախսերի կրճատելով, խնայողություններով:

Այսպիսով, կառավարության հիմնական խնդիրներն են՝ նոր տնտեսական մոդելի տեսլականի բացակայությունը, կառավարման արդյունավետ աճը, լիազորությունների և պատասխանատվության ապակենտրոնացումը և վերահսկողության ապահովումը, ինչը թույլ կտա երկարաժամկետ և ներառական զարգացում ապահովել: 2019 թվականի տնտեսական աճի ապահովման գործում մեծ ազդեցություն ունեն առևտրի ոլորտը և ծառայությունների ոլորտը, որոնք հիմնական ստվերի կրճատման հաշվին գրանցել են աճ կամ պարտադիր կուտակային ամբողջ ծավալով ներդրման հաշվին: Այլ կերպ ասած՝ մեր բնակչության կենսամակարդակը կամ գնողունակությունը չի ավելացել վերջին ժամանակաշրջանում, ավելին՝ նվազել է ի հաշիվ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի՝ հացամթերք, կարտոֆիլ, հավի միս, ձու և այլն: Մարդիկ իրենց սննդի հարցը լուծելու հաշվին հրաժարվել են այլ ապրանքների ձեռքբերումներից: Բացի այդ, պետական ծախսերը ապահովելու համար նախատեսված է 426.5 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ ներգրավել:

- Իշխանությունների կողմից խոսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճի մասին, կա՞ նման բան, եթե այո, արդյո՞ք դա աննախադեպ է, ինչպես փորձ է արվում ներկայացվել:

- 2020 թվականի ընթացքում լրացուցիչ հարկերի մուտքերի ապահովումը լրջագույն խնդիրներից է լինելու, քանի որ ուժի մեջ են մտնելու եկամտային հարկի համահարթեցման դրույթները, վերանալու է ավտոմեքենաների ցածր մաքսատուրքերով ներմուծման արտոնությունը, պլանավորվող տնտեսական աճը ցածր է, ակցիզային հարկի, մաքսատուրքերի և մի շարք տուրքերի բարձրացման արդյունքում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների սպասվող գների աճը էականորեն կնվազեցնի սպառումը և այլն: Կանխատեսվում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կբարելավվի ընդամենը 0.3 տոկոսով, ինչը փաստում է, որ ստվերի էական կրճատում չենք ունենալու: Այս իրավիճակում միակ լուծումը պետական և մասնավոր խոշոր ներդրումային ծրագրերի մշակումն է և իրականացումը: 2019 թվականի ցուցանիշները փաստում են, որ այս իշխանությունները պատրաստ չեն ամբողջ ծավալով իրականացնել  իրենց կողմից արդեն իսկ ստանձնած կապիտալ ծրագրերը, դրա վառ ապացույցը 2019 թվականի կիսամյակի հաշվարկով 74 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարումն է: Իսկ մասնավոր ներդրումներ չեն հոսի լոկ «փայ չեմ մտնելու, չեմ խառնվելու» խոսքերով: Անհրաժեշտ է ունենալ նոր ներդրումային քաղաքականությունը և ներդրումները սպասարկող թիմ, պետական ինստիտուտներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել