Pastinfo.am-ը գրում է․

«Անձամբ ես եւ իմ ընտանիքը դեռ չենք ստացել որեւէ սպառնալիք, նշում եմ՝ դեռ։ Մամուլից եմ տեղեկացել, որ Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ պաշտոնյան, որոշակի գործընթացներ է փորձում նախաձեռնել՝ փորփրելու իմ գործունեությունը ԵՊՀ-ում աշխատելու տարիներին»,-«Փաստինֆո»-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե ԱԱԾ-ի հաջորդ թիրախը լինելու է ինքը։

Միհրան Հակոբյանն ասաց , թե չգիտի պետհամալսարանում իր աշխատած հատկապես ո՞ր տարիները կարող են հետաքրքրել ԱԱԾ-ին. «2004-2006 թթ. ես աշխատել եմ որպես ուսխորհրդի նախագահ, 2006-2015 թթ-ին ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչն եմ եղել, այսինքն, ադմինիստրացիայում եմ աշխատել եւ 2008 թվականից դասավանդում եմ։ Եթե այդքան հետաքրքիր է, փորձում են ինչ-որ բան գտնել, խնդրեմ, թող փորփրեն, առանձնապես խնդիր չեմ տեսնում»։

Հիշեցնենք, տեղեկության մասին Ֆեյսբուքում հայտնել էր «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։ «Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Mihran Hakobyanի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին»,-գրել էր Դանիելյանը:

Միհրան Հակոբյանն ասաց, որ իր գրառման մեջ ընդամենը «օդում կախված» լուրեր վերաբերյալ հարցեր է բարձրացրել, որոնց ինքն էլ փորձում է չհավատալ։ «Այդ լուրերը կան, ստուգման ենթակա են եւ դեռ պետք է հասկանալ՝ տարիներ շարունակ պետական պաշտոնյա եղած Հրայր Թովմասյանը, նրա դուստրերը, հայրը ի՞նչ գույք ունեն ի՞նչ ճանապարհով են ձեռք բերել այդ գույքը եւ նույն պետական պաշտոնյան՝ ուժային համակարգում բազմաթիվ տարիների աշխատանքային գործունեություն ունեցող Միքայել Համբարձումյանն ի՞նչ գույք ունի, ի՞նչ գույք ունեն իր ընտանիքը, զավակները, հայրը, ինչո՞վ են զբաղվել, ինչպե՞ս են ձեռք բերել այդ գույքը։ «Օդում կախված» բազմաթիվ լուրեր կան, որոնք պետք է համադրել եւ այդ համադրման արդյունքում դուրս բերել ճշմարտությունը, իմ ասածն ընդամենը սա է»,-ասաց Միհրան Հակոբյանը։

Ի դեպ, տեղեկությունը, որ ԱԱԾ-ն կարող է իրենով զբաղվել, Միհրան Հակոբյանի խոսքով, բացարձակ անակնկալ չի եղել, որովհետեւ, ըստ նրա, այսօր ապրում ենք այնպիսի ռեժիմի օրոք, որը որեւէ խնդրի առջեւ կանգ չի առնում ՝ իր ընդդիմախոսներին լռեցնելու համար ։ «Օրվա ռեժիմի՝ բառի բուն իմաստով թշնամին իրականությունն է, ներկան է, որի մասին ով բարձրաձայնում է, նրան պետք է հետապնդել եւ նրա բերանը պետք է ինչ-որ կերպ փակել։ Զարմանալի ոչինչ չկա, կարծում եմ, որ հանրության լայն զանգվածներն էլ այլեւս չեն զարմանում եւ մարդկանց լայն շրջանակների համար այս ամենն արդեն ծիծաղելի է»։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, արդյո՞ք սա նշանակում է, որ անակնկալ չի լինի նաեւ հնարավոր քրեական գործի հարուցումը, եթե նշված տեղեկությունն իսկապես ճիշտ է, Միհրան Հակոբյանն արձագանքեց. «Ես ոչինչ չեմ բացառում, ստեղծված իրավիճակում ամեն ինչ սպասելի է, բայց հոգեբանորեն էլ եմ պատրաստ, ամեն կերպ պատրաստ եմ, եթե պետք է բանտ տանեն, դրան էլ եմ պատրաստ, չեմ համարում որ ինչ-որ մեկից լավն եմ, բայց ինձ լռեցնել, իմ բերանը փակել՝ մեկը չի կարող, առավել եւս այդ փոքրիկ եւ էժանագին մարդիկ, որոնք ՀՀ-ում յուրացրել են իշխանությունը»։

Հարցին, արդյո՞ք կան խոցելի դրվագներ համալսարանում իր գործունեության հետ կապված, Միհրան Հակոբյանն արձագանքեց. «Հետաքրքիր կլինի, թող փորձեն գտնել։ Համենայնդեպս, ես 19 տարեկանում ԵՊՀ լավագույն ուսանող եմ ճանաչվել եւ պարգեւատրվել եմ ԵՊՀ արծաթե մեդալով, 24 տարեկանում պարգեւատրվել եմ ԵՊՀ ոսկե մեդալով, կարող է այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, ես կխնդրեի, որ իրենք գնան, լավ ստուգեն։ Նույնը իմ աշխատանքային գործության տարիները, թող մանրադիտակը վերցնեն՝ զննեն, չգիտեմ՝ քիմիական անալիզի ենթարկեն այդ ամենը ու ներկայացնեն հանրությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել