Twitter սոցիալական ցանցում հոկտեմբերի 16-ին հրապարակվել է հոր ու դստեր լուսանկար, որոնք կռվում են Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զորքերի ներխուժման դեմ:

Լուսանկարում պատկերված են ազգային ինքնապաշտպանության ուժերի 53-ամյա անդամ Հովսեփ Սարգիսը՝ Ռաս ալ Այն քաղաքից, և նրա 19-ամյա դուստրը՝ Անուշը:

«Անուշ Սարգիսը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) մարտիկ է։ Նա Ռաքքայում կռվել է ԻՊ-ի դեմ։ Այժմ նրանք միասին հսկում են Հասաքեում տեղահանված անձանց ապաստարանը»,- գրել է սիրիացի  լրագրող Խաբաթ Աբբասը:

Սիրիայի հյուսիսում գործող զինյալ խմբերի կազմում կան Ցեղասպանության օրերին քրդացած հայերի զավակներ, արաբներ և քրդեր, սակայն նրանք տեղի հայ համայնքի հետ որևէ առնչություն չունեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս ալ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Երեկ հաղորդվել է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել