Tert.am-ը գրում է.

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցողը չի տեղավորվում Սահմանադրության և օրինականության շրջանակում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա հիշեցրել է, որ Հրայր Թովմասյանի դեմ հարձակումներն սկսվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ մուտքագրելուց հետո, որ հանկարծ նա ոչ իշխանահաճո որոշում չկայացնի. «Ինչո՞ւ հիմա հիշեցիք, թե նա ինչպես է ընտրվել կամ ո՛ր կուսակցության անդամ է եղել: Շատերը չգիտեն, թե ինչպիսի ստվերային խոստումներ ու սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Ինձ համար անգամ զարմանալի է, որ Հրայր Թովմասյանն այսքան դիմացավ»:

Ըստ իրավապաշտպանի՝ եթե Թովմասյանի ղեկավարած Բարձր դատարանը վարույթ չընդուներ Քոչարյանի գործը, կդառնար իշխանությանը ձեռնտու պաշտոնյա, ինչպես, օրինակ, գլխավոր դատախազը. «Թովմասյանի սանիկներին ձերբակալեցին, քրոջ՝ Անժելա Թովմասյանի նկատմամբ հարձակումներ ու հայհոյանքներ սկսվեցին, դուստրերին ու հորը կանչեցին հարցաքննության: Պետք է բոլորին տագնապ հնչեցնել, թե ի՛նչ է կատարվում»:

Իշխանյանի կարծիքով՝ անկախ նրանից՝ համակրում ես իշխանությանը, թե ոչ, հակաիրավական քայլերը պետք է քննադատել, այդ թվում՝ այս դեպքում. «Մենք ասում ենք հեռախոսային արդարադատություն՝ մտածելով, որ զանգողը գործադիր իշխանությունից ինչ-որ մեկն է: Կա նաև հակառակը՝ կա՛մ դատավորն է զանգում ու հարցնում՝ ինչ անել, կա՛մ զգում է, թե իշխանությանն ինչ է պետք: Որոշ դեպքերում, երբ նա տատանվում է, լինում են ճնշումներ, այդ թվում ուղղակի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել