Hraparak.am-ը գրում է․

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի վերաբերյալ, մասնավորապես, ըստ մարզպետի, համայնքի ղեկավարի ընդունած մեկ որոշումը վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին։
Մարզպետը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Արա Մկրտչյանը համայնքի բյուջեն փոփոխել է իր հայեցողությամբ՝ առանց ավագանու․ «Վերջին օրերին որոշակի ընթացակարգային, ու, ըստ իս, օրենսդրական խախտումներով համայնքի տասնմեկ հոգանոց անդամներից  վեցի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է ձեռնարկել պարոն Մկրտչյանը։ Ես իրեն պաշտոնապես դիմել էի այդ ակտը չեղարկելու եւ նոր ավագանու նիստ հրավիրելու, բայց նա մերժել էր։ Արդյունքում մենք թղթերը նախապատրաստում ենք հայցով մտնելու դատարան՝ չեղարկելու այդ արձանագրությունը։ Դրան նախորդել է այս գործընթացը, ինչը ես տրամաբանական շարունակությունն եմ գնահատում, իսկ համայնքի առերեւույթ շահերին վնաս հասցնելը թող գաղտնիք չլինի որեւէ մեկի համար, որ նախկինում, երբ համայնքներին ակնհայտ վնաս են հասցրել, որեւէ մեկը դա չի ձեւակերպել եւ փաստաթղթի անունը չի դրել համայնքին վնաս հասցնել»։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ավագանին բոյկոտում է նիստերը, եւ կանգնած են քաղաքական կազուսի առջեւ․«Ավագանին որոշակի քանակով որոշումների կայացմանը չի մասնակցել։ Իրավունք չունի համայքնի ղեկավարը միանձնյա բյուջե ընդունելու եւ փոփոխություններ կատարելու՝ առանց ավագանու հաստատման։ Սա այն բյուջեն է, որը փխուր հիմքեր ունի։ Տարեսկզբին, երբ ավագանին դեմ էր քվեարկել բյուջեին, բոյկոտում էր նիստերը, օրենսդրական բացերի արդյունքում բյուջեն հաստատվեց։ Հարգարժան համայնքապետն իր քաղաքական դեմքը փրկելու համար այսպես է վարվել՝ միակողմանիորեն համայնքի ղեկավարի լիազորություններից դուրս նաեւ բյուջեն փոփոխություններ անելով, ի՞նչ նպատակով է արվում դա, մենք դրան չենք անդրադառնում , եթե պատկան մարմինները ցանկացած զանցանք, հանցանք գնահատելիս հաշվի առնեն վերջնական մոտիվը, կարծում եմ՝ արդարադատությունը ուրիշ տեղ կգնա»։

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Մենք ունենք սուբվենցիավորվող ծրագրեր համայնքում, մենք պարզապես այդ ծրագրերի, որոնք կատարողական ակտ են ներկայացրել, մասնավորապես՝ մեր մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքներին ենք մի քիչ ֆինանսավորել եւ ասֆալտապատման աշխատանքներին ենք որոշ չափով ֆինանսավորել։ Գումարը կոնկրետ չեմ հիշում, բայց 25-30 միլիոն ասֆալտապատման աշխատանքներին ենք ֆինանսավորել, մի 20 միլիոն էլ՝ մանկապարտեզի»։

Համայնքապետը նշում է, որ չգիտի, թե ինչպես է համայնքի շահերին վնաս տվել։
Անդրադառնալով միանձնյա որոշում կայացնելուն՝ համայնքապետը նշեց․ «Մեր ավագանու պատմությունը մի քիչ հին է․ դեռեւս մեկ տարի առաջ մեր ավագանին մեկ հարց է ուզել լսել ու քննարկել, դա իմ հրաժարականի հարցն է։ Եվ արդյունքում էն ա, որ ես ստեղ եմ եւ որեւէ խնդիր չկա։ Երկրորդը՝ նրանք չհաստատեցին մեր բյուջեն եւ համայնքով նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, բոլոր ծրարգրերը հաստատվեցին  ու ուղարկվեցին մեզ՝ մեկնարկ տալու համար։  Ինչպես բոլոր տարիների ծրագրերը, այնպես էլ 2019 թվականի ներդրումային ծրագրերը բխում են մեր համայնքի հաստատված հնգամյա պլանից, հանրային լսումներից եւ նախկին ավագանու հաստատումով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել