168.am-ը գրում է․

Այն, ինչ ընդհանրապես տեղի է ունենում Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ, աբսուրդի ժանրից է: Գործող իշխանությունները փորձում են և ուժային, և շանտաժային և, իրենց կարծիքով՝ իրավաչափ մեթոդներով ներգործել ՍԴ նախագահի վրա, բայց որքան տեսնում ենք, այդ փորձերը չեն ստացվում, ու նրանք անցել են բացահայտ տեռորի:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Վերջինս նշում է, որ անգամ Ազգային ժողովի միջոցով փորձեցին հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը, բայց ՍԴ-ն օրենքին համապատասխան՝ մերժեց այդ հարցը քննարկել:

«Եթե մինչ այդ իշխանություններն այդ ուժային մեթոդները կիրառում էին միայն Հրայր Թովմասյանի շրջապատի, բարեկամների, սանիկների նկատմամբ, ապա ՍԴ որոշումից հետո անցան բացահայտ տեռորի: Հիշենք, որ նաև Հրայր Թովմասյանի քրոջ՝ Անժելա Թովմասյանի ղեկավարած լրատվամիջոցի վրա էր հարձակում եղել, ինչը նույնպես ճնշում էր»,- նշեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը հիշեցնում է, որ մեր հասարակությունում «չգրված օրենքներ» կան, և դրանցից ամենակարևորն այն է, որ վեճերի, կռիվների ժամանակ երբևիցե չես ներքաշում հակառակորդիդ ընտանիքի անդամներին, և այս չգրված օրենքը բոլոր դեպքերում մինչ այս եղած բոլոր իշխանությունները պահպանել են:

«Նիկոլ Փաշինյանն այդ տաբուն քանդեց, ինչն իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում, նախ՝ հասարակության մեջ բարոյական սկզբունքների լրիվ լղոզման առումով, իսկ երկրորդն այն է, որ վարչապետը բոլոր կամուրջներն է այրում: Այս քայլով նա ցույց է տալիս, որ կամ ինքը Հայաստանում շատ երկար է ղեկավարելու՝ մտածելով, որ այդպիսի քայլերը հակադարձվելու հնարավորություն չունեն մոտակա տասնյակ տարիներին, կամ ինքը մտածում է, որ շատ արագ լքելու է Հայաստանը և բացահայտ «գցելու» է այն անձանց, ովքեր իր հետ զբաղված են այդպիսի անբարոյական գործողություններով»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների շուրջ, ուղղակի անբարոյականություն է:

Գյումրեցի քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի հայտնի կարգախոսը՝ պետությունն այդ ես եմ, և սա ուղղակի կործանման է տանում երկիրը, ու սրա հետևանքով սրվում են միջանձնային հարաբերությունները բոլոր մակարդակներում:

Մեր այն հարցին, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե ՍԴ-ն վարույթ ընդուներ ու  քննության առներ ԱԺ դիմումը, ապա նոր կայացներ վճիռ, արդյո՞ք համոզիչ էր վարույթ չընդունելու որոշումը, այլ ոչ թե՝ ինքնապաշտպանական գործողություն, Գագիկ Համբարյանն ասաց, որ ՍԴ որոշման մեջ շատ նորմալ նշված էր, թե ինչ կարգեր են խախտվել, որոնց հիմքով էլ գործը վարույթ չի ընդունվել:

«Ինչի՞ համար պետք է վարույթ ընդունեին: Պարոն Փաշինյանի և նրա դիլետանտ թիմի կապրիզնե՞րը պետք է բավարարեին: Եթե իրենք ինչ-որ քայլ են ձեռնարկում, թող դա անեն օրենքի շրջանակում: Եթե իրենք դա չեն անում, ու դա ընդունում է նաև գործող իշխանությունների երկրպագու ՍԴ դատավոր Դիլանյանը, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Հարցին, թե ի՞նչ հանգուցալուծում է տեսնում, գյումրեցի քաղաքագետն ասաց, որ, ամեն դեպքում, այն բոլոր բարոյական նորմերը, որոնք ջնջվում են գործող իշխանությունների կողմից, ավելի մեծ վտանգ են իրենցից ներկայացնում, քան այն, ինչ հիմա տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ:

«Ես չեմ կարծում, որ այս քայլերի արդյունքում Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա: Ինչո՞ւ տա: Ընդունի, որ այդ ճնշումների ու բացահայտ տեռորի արդյունքում ինքը պարտությո՞ւն է կրում: Այս իրավիճակից դուրս գալու համար յուրաքանչյուրը պետք է իր տեղն իմանա, հասկանա իր գործառույթները: Հիմա ես չեմ հասկանում, թե Հրայր Թովմասյանի դեմ արշավն ինչի՞ համար է արվում: Կրկին Ռոբերտ Քոչարյանի գո՞րծը կապ ունի: Սա է խնդիրը, որ պարոն Փաշինյանն իր անձնական վրեժխնդրությունն առաջ տանելու համար ուղղակիորեն ողջ պետական ապարատը ծառայեցնում է իր նպատակին»,- վստահեցրեց Գագիկ Համբարյանը:

Բացի դրանից, ինչպես նկատում է քաղաքագետը, երբ խոսում են այս կամ այն մարդու ենթադրյալ ոչ իրավաչափ գործողություններից, իշխանական թիմը պետք է սկսի իրենից:

«Ես օրեր առաջ գրել էի այն մասին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այն 4 ամիսների ընթացքում, ինչ ինքն ընտրվել ու պաշտոնավարում է՝ որպես ՍԴ դատավոր, ստացել է 3 միլիոն դրամից ավելի աշխատավարձ, օգտվում է աշխատասենյակից, ծառայողական մեքենայից ու ՍԴ դատավորին տրված այլ արտոնություններից»,- ասաց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ շատ լավ կլինի, որ իշխանությունները կարգի հրավիրեն, իր խոսքով՝ «ձրիակեր Վահե Գրիգորյանի վարքագիծը»:

Ըստ քաղաքագետի՝ եթե իրենք քարոզում են օրենքի առջև հավասարություն, դա պետք է տարածվի նաև իրենց թիմակիցների վրա, հետևաբար՝ Վահե Գրիգորյանն իրավունք չունի առանց աշխատելու աշխատավարձ ստանալ ու օգտվել պաշտոնյաներին տրվող արտոնություններից:

«Հիմա ես՝ որպես հարկատու, հարց եմ տալիս պարոն Փաշինյանին: Ի՞նչ իրավունքով է իր մտերիմ, դատավոր ընտրված անձը, չգնալով աշխատանքի, ստանում աշխատավարձ: Ո՞վ է թույլ տվել: Եթե ինքն է թույլ տվել, ուրեմն թող ինքն էլ իր գրպանից վճարի: Վահե Գրիգորյանը պետք է պետբյուջե վերադարձնի իր ստացած աշխատավարձը մինչև վերջին կոպեկը»,- պնդում է Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը հիշում է, որ հեղափոխություն նաև այն պատճառով եղավ, որ նախորդ իշխանությունների օրոք շատ էին այդ արտոնյալները:

«Բայց գոնե նրանք իրենց այդպես լկտիաբար չէին պահում: Սրանք եկել են իշխանության ու բացահայտ ցույց են տալիս, որ թքած ունեն ամեն ինչի վրա և ինչ ուզում են՝ անում են: Հիմա՝ հարց: Ի՞նչ տարբերություն ներկաների ու նախկինների միջև, եթե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իրեն «բեսպրեդելավարի» է պահում: Գոնե այնքան բարոյականություն ունենա, որ  հրաժարվի աշխատավարձից: Բայց՝ ոչ»,- տարակուսեց գյումրեցի քաղաքագետը:

Նա նշում է, որ ի սկզբանե, երբ Վահե Գրիգորյանն ընտրվում էր՝ որպես ՍԴ դատավոր, իրեն պահել է ոչ ադեկվատ՝ իրեն հռչակելով որպես ՍԴ նախագահ, «ինչը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից հովանավորվող այս անձը նորմալ չէ»:

«Այդ անլրջությունն ամբողջությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի նիստում»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել