Վերջին տարիներին էրդողանյան Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ և անկանխատեսելի է դարձել։ Թուրքիան քուրդ զինյալների դեմ պայքարի պատրվակի ներքո մշտապես հարձակվում է հարևան Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։ Անկարան պարբերաբար խախտում է հարևան Հունաստանի օդային և ջրային տարածքները՝ կասկածի տակ դնելով դրանց պատկանելությունն Աթենքին։ Կիպրոսի հարցում 1974թ․-ից ի վեր որևէ դրական փոփոխություն չկա. Անկարան շարունակում է իր զորքերը պահել Կիպրոսի հյուսիսում և չի էլ մտածում դրանք կղզուց դուրս բերելու մասին։

Հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ 1991թ․-ից ի վեր Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա։

Ծիծաղելի են, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր են մեր ներկայիս վայ-հայրենասերների այն պրիմիտիվ պնդումները, որ դրա պատճառը մեր հզոր բանակն է և մեր «դուխը»։ Չեմ ցանկանում տխրեցնել մեր հանրության երազկոտ պողոսայացված հատվածին, բայց թուրքական 1-միլիոնանոց բանակի դեմ մեր հզոր բանակը որևէ բան չի կարող անել։ Դե, իսկ «դուխով» էլ կարելի է ներքաղաքական հարցեր լուծել, բայց ոչ արտաքին քաղաքական, քանի որ որևէ մեկին մեր «դուխը» չի խանգարում իրենց ագրեսիվ ծրագրերը կյանքի կոչելու համար, ու դա վերաբերում է հատկապես մեր հարևան Թուրքիային։ Իսկ միակ պատճառը, որ Անկարան բավական զգույշ է Հայաստանի հետ հարաբերություններում, Ռուսաստանն է և նրա հայաստանյան ռազմաբազան։ Ցավով եմ դա ընդունում, բայց դա միակ ճշմարտությունն է։

Մի փոքր պատմական ակնարկ։ 1992-93 թվականներին Թուրքիան մի քանի անգամ փորձ է արել հարձակվելու Հայաստանի վրա, որը կանխվել է Մոսկվայի անմիջական մասնակցությամբ։ Այսպես՝ Շուշիի ազատագրումից հետո Անկարան Նախիջևանի Սադարակի շրջակա բարձունքների վրա հայկական զինուժի հարձակումները կանխելու պատճառաբանությամբ փորձել է մինի-պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ, որը հանդիպել է ԱՊՀ երկրների միասնական բանակի հրամանատար Եվգենի Շապոշնիկովի արձագանքին, որը զգուշացրել է Անկարային հեռու մնալ Հայաստանից, քանի որ վերջինիս վրա հարձակումը Երրորդ աշխարհամարտի սկիզբ կարող է դառնալ։ Թուրքիան Շապոշնիկովի այս հայտարարությունից հետո չեղարկել էր Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ ծրագիրը։

1993թ․-ի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից կրակ է բացվում Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 13-ին թուրքական ռազմական մի ինքնաթիռ հետախուզական թռիչքներ են կատարել հայ-թուրքական սահմանի երկայնքով` Արմավիրի հատվածում: Հրազենից երկու անգամ կրակ է բացվել ՀՀ-ի ուղղությամբ, որից հետո կարճատև այցով Մոսկվա է այցելում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայաստանի և ՌԴ-ի նախագահների հանդիպումը, որքան կարելի էր կռահել, իր դրական արդյունքները տվել էր։ Սակայն Թուրքիան անհամբեր սպասում էր Մոսկվայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Թուրքական կողմը Հայաստանի նկատմամբ ագրեսիային նախապատրաստվելիս շրջանառության մեջ էր դրել, թե իբր Հայաստանը համագործակցում է Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) գրոհայինների հետ։ Թուրքիայի վարչապետ Չիլլերը քրդերին օժանդակելու մեջ մեղադրում էր Իրաքին, Իրանին, Սիրիային և Հայաստանին։ Անկարայի` Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու 1993թ․-ի ծրագրերի մասին առաջինը հայտնել է Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսն իր հուշերում՝ վկայակոչելով Երևանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններ Ֆրանս դ՛Արտինգին ու Հարրի Գիլմորին։ Սակայն թուրքերը չհամարձակվեցին իրենց ծրագիրը կյանքի կոչել՝ վախենալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի արձագանքից։

1994թ․-ից ի վեր Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում չի փոխվել։ Ավելին` մեզ պարտադրված սպառազինությունների մրցավազքի արդյունքում Բաքու-Անկարա տանդեմը բավական ամրապնդել է իր դիրքերը, որը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի համար։

102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին բարձրաձայնող անձինք և քաղաքական ուժերը լավ կլինի՝ բացատրեն, թե այդ վակուումը ո՞վ է լրացնելու, քանի որ այն տկարամիտ կարծիքը, որ մենք ի վիճակի ենք ապահովելու հայ-թուրքական սահմանի անվտանգությունը, հեքիաթ է։ Թուրքիան վաղուց է երազում հակաքրդական ռազմական օպերացիաներ, բազում անգամներ Սիրիայում և Իրաքում իրականացվածների պես կազմակերպել նաև Հայաստանի տարածքում։ Օրինակ՝ հայտարարել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում կա PKK-ի բազա, որը պետք է ոչնչացվի, ու զորքեր մտցնել Հայաստան։ Համոզված եմ՝ Երևանը Բաղդադի և Դամասակոսի նման բողոքի նոտաներով կդիմի ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին՝ դատապարտելով Անկարայի ագրեսիան։ Բայց «հարց լուծող» մայրաքաղաքները լուռ կմնան, ինչպես հիմա են լռում, երբ թուրքերը ցեղասպանության են ենթարկում իրենց վաղեմի դաշնակիցներին՝ քրդերին, որոնց հետ 20-րդ դարի սկզբին ցեղասպանության ենթարկեցին հայերին։

102-րդ ռազմաբազայի շուրջ ստեղծվող աժիոտաժը և հակառուսական հռետորաբանությունը մեծ վտանգ են Հայաստանի համար։ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան զսպաշապիկ է Անկարայի և Բաքվի հակահայաստանյան ագրեսիվ ծրագրերի դեմ և որոշ չափով նաև Արցախի դեմ Ալիևի ագրեսիան է զսպում։
Ցավոք, ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ՝ ստիպված եմ ընդունել, որ մենք չենք կարող միայնակ ապահովել մեր անվտանգությունը։ Իսկ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերողները չեն բացահայտում, թե ում են տեսնում այդ բազայում տեղակայված ռուսների փոխարեն` որպես ՀՀ-ի անվտանգության երաշխավոր կամ երաշխավորներ։

102-րդ ռազմաբազայի դեմ հանդես եկող «ազգայնականները» շատ լավ գիտակցում են նաև, որ դրանով մեծ վնաս կհասցվի, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Հետաքրքիր է, դա գիտակցո՞ւմ են նրանց երկրպագուները, որոնց ընտանիքների 95 տոկոսն ապրում է ատելի ՌԴ-ից ուղարկված տրանսֆերների հաշվին։

Հ.Գ. Չեմ կարծում, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայելու մասին Մոսկվայի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրած ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր գիտակցում, թե ինչ դրական և բացասական կողմեր կունենա իր այդ քայլը Հայաստանի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել