Սահմանադրական դատարանը հանգամանքների բերումով դառնում է գործադիր իշխանությանը չկցված պետական ինստիտուտ և իրոք վերածվում է սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի։ Համենայն դեպս, հիմա կռիվն այդ դաշտում է։

Հենց այդ պատճառով էլ պաշտպանյալը հունից դուրս է գալիս, ու հենց ՍԴ-ի անկախությունը նա չի ուզում թույլ տալ։

Այսինքն՝ այն եզակի ձեռքբերումներից մեկը, որն ունի ՀՀ քաղաքացին 2018-ի մայիսից հետո, փորձ է արվում զրոյացնել նախորդից է՛լ ավելի գռեհիկ ու այլասերված իշխանական համակարգ սարքելու նպատակով։

ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի պահվածքն իրականում հեղափոխական է, քանզի անկախությունից ի վեր ՍԴ նախագահները, այդ թվում ինքը՝ Թովմասյանը, ենթարկվել են պետության ղեկավարին, իսկ հիմա այդպես չէ, ինչը համապատասխանում է Սահմանադրության տառին և ամենակարևորը՝ ոգուն։

Գործադիր իշխանության քայլերն ընդդեմ ՍԴ-ի ու անձամբ Թովմասյանի ու նրա ընտանիքի, հակաօրինական են, հակահեղափոխական ու ռեակցիոն։

Նիկոլ Փաշինյանն ուզում է վերականգնել նախկին ստատուս քվոն, երբ ՍԴ-ն իշխանության դակիչ համակարգերից մեկն էր։

Ի դեպ, ՍԴ-ի ու դրա նախագահի դեմ հարձակումները հեղափոխության օրերին օդում թևածող արժեքների ու կարգախոսների խեղաթյուրում են։ Սա դավաճանություն է։

Այն կոդերը, որոնք հրամցվում էին կարգախոսների ու ելույթների տեսքով (սեր և հանդուրժողականություն, մերիտոկրատիա, հովանավորչության մերժում, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն), պետք է փրկել հեղափոխականներից՝ կամրջելով հնի ու նորի դրականը և դեն նետելով այն բացասականը, որը թվում էր, թե նետվել է հեղափոխության օրերին։

Հայկական թերմիդորն անխուսափելի է։ Ավելին՝ դա միակ տարբերակն է ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեր երկրի առաջ կանգնած արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել