168.am-ը գրում է․

«Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:

«Երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները, առանց բացատրության, 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, և ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Նաև պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին»,- գրել էր թերթը:

Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ նշեց, որ Հայաստանում որևէ իրավապահ որևէ քաղաքացուց չի կարող ցուցմունք կորզել կամ ստիպել կեղծ ցուցմունք տալ:

«Ես եղել եմ ու կամ պաշտոնյա, իմ հետ կապված Հատուկ քննչականում դիմում է եղել, գնացել, ցուցմունք եմ տվել, և գործը կարճվել է, պետք է ասենք, որ իմ հետ կապված հետապնդումնե՞ր են եղել, ամենևին: Բա ո՞նց է լինում, որ իմ մասով չեք ասում, իսկ Արթուր Վանեցյանի մասով ասում եք: Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասով խոսվել է մինչև նրան պաշտոնանկ անելը: Եթե Արթուր Վանեցյանն այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, և լինեին փաստաթղթեր՝ կապված նրա հետ, ինձ կանչելու էին և ցուցմունք վերցնեին»,- նշեց նա:

Ըստ նրա՝ միակ բանը, որն իրենք օգտագործում են իրենց քաղաքական հակառակորդների դեմ, քաղաքական խոսքն է:

«Մեզ ավելի հեշտ է քաղաքական գործչին բերել տեսախցիկի առջև և նրա հետ կռվել, բայց անիմաստ գնալ, ասել, մի հատ տեսնել, բան… անիմաստ է: Պաշտոնապես ասում եմ, եթե Հայաստանում երբևիցե նման բան լինի, և ես դրան ականատես լինեմ, ապա դուրս կգամ նման բան անողի դեմ և կպայքարեմ նման իշխանության դեմ:

Իմ բոլոր ընկերները նույնպես դուրս կգան նման իշխանության դեմ: Բայց նման իշխանություն Հայաստանում այլևս չկա ու չի կարող լինել»,- ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել