«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները, առանց բացատրության, 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։

Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին:

Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում:

Դեռեւս Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահության տարիներին մարզադաշտի տնօրինության եւ ծաղկի բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, եւ մարզադաշտին հարակից տարածքի մի հատվածը տարիներ շարունակ ծառայել է որպես ծաղկի մեծածախ շուկա:

Մենք դիմեցինք ոստիկանություն, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները.

«Այո, Կարեն անունով քաղաքացի բերման ենթարկվել է՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով»: Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածները մոտ 5 հոգի են։ Նրանց մի մասի վրա կան մարմնական վնասվածքներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել