168.am-ը գրում է․

«168 Ժամի» բացառիկ հարցազրույցը Վրաստանի հետ համագործակցության հարցերով ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հետ

– Ինձ նշանակեցին պաշտպանության նախարարի խորհրդական այս ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ ես Թբիլիսիում եմ ծնվել, կան կապեր, որպեսզի կարողանանք իրենց հետ աշխատել: Նախ՝ չպետք է մոռանանք, որ Վրաստանը քրիստոնեական երկիր է, երկրորդ՝ ճանապարհի խնդիր կա, գիտենք: Ուզում եմ նշել, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս ուղղությամբ մեծ աշխատանք է տանում, նա հայ-վրացական ռազմական համագործակցությունը, հարաբերությունները դրեց բարձր մակարդակի վրա: Ե՛վ պաշտպանության նախարարն ունի լավ հարաբերություններ իր վրաց գործընկերոջ հետ, և՛ ես: Սրա մասին է վկայում Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Վրաստանի վարչապետն է ժամանել Երևան: Մեր երկրի ղեկավարությունը՝ վարչապետի և պաշտպանության նախարարի մակարդակով, կարևորում են վրացական ուղղությունը և կարծում, որ լավ հարաբերություններ պետք է ունենանք հարևան այս երկրի հետ:

Եվ այն, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ուղղությամբ է, իսկ մենք՝ ՀԱՊԿ-ի, դա բնավ չի խանգարում: Ի վերջո, Հայաստանը ևս ՆԱՏՕ-ի հետ լուրջ համագործակցություն ունի, այդ թվում՝ խաղաղապահ միջազգային առաքելությունների շրջանակում: Պետք է նշեմ, որ նախկինում էլ է Վրաստանի հետ հարաբերությունները պաշտպանության նախարարությունների մակարդակով կարևորվել, իսկ հիմա այդ ամենն առավել ակտիվ ձևով շարունակվում է:

– Ընդհանուր առմամբ, մեր անվտանգային ռազմավարության մեջ կա՞ մի բան, որը պետք է փոխել, կամ՝ որն արդեն փոխվել է, և դա շատ է՝ թե՛ սպառազինության, և՛ թե այլ առումներով:

– Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վաղուց է այս համակարգում և շատ լավ տիրապետում է իրավիճակին, թե ինչ ուղղությամբ պիտի գնանք: Գիտեք, որ Սու-30 կործանիչները պիտի մատակարարվեն Հայաստան: Բոլոր ուղղություններով անհրաժեշտ սպառազինություն ապահովվում է: Ճիշտ ուղղությամբ ենք գնում և ուժեղացնում ՀՀ զինված ուժերը: Այս 1.5 տարվա ընթացքում բավականին գործ է արվել՝ նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների տեղադրման, կատարելագործման հետ կապված:

– Պարոն գեներալ, ԱԺ-ում ստեղծվել է ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողով, որի շրջանակում նախկին պաշտոնյաներին հերթով պետք է հրավիրեն հարցաքննելու: Դուք այդ ժամանակ եղել եք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, Ձեզ հրավիրե՞լ են: Ըստ Ձեզ՝ արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղե՞լ են ապրիլյան պատերազմի օրերին:

– Ինձ չեն կանչել: Ինչ վերաբերում է թերություններին, այստեղ ուզում եմ հիշեցնել, որ երբ 1994-ի մայիսին կնքվեց հրադադարի պայմանագիրը, այդ օրվանից մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք: Դա ռեալ է, և մենք պետք է հաշվի առնենք, որ հակառակորդն անսպասելի հարձակվում է մեզ վրա: Իսկ երբ հակառակորդը հարձակվում է, զինվորականից պահանջվում է կանգնեցնել նրան: Մենք կարողացանք հակառակորդին սեղմել, իսկ ռուսները միայն 3-4-րդ օրը խառնվեցին:

Ինչ վերաբերում է կորցրած 800 հա տարածքին, մենք մի բան պիտի հասկանանք՝ մեզ համար մեր զինվորի կյանքն ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք: 1993-ին ես մասնակցել եմ Թալիշի, Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողություններին, եղել եմ այնտեղ, և կարող եմ ասել, որ ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի:

Շատ էին վերցրել, բայց մենք սեղմեցինք իրենց, և մնաց միայն այդ կտորը: Հիմա արժե՞ր դրա համար մեծ զոհեր տալ: Ես կարող եմ ասել, որ ապրիլյան պատերազմի օրերին ԳՇ պետը, Օպերատիվ վարչության պետը, բոլորս նորմալ պլանավորված աշխատել ենք, այնպես, ինչպես պիտի աշխատի Զինված ուժերը: Հիմա, իհարկե, քննադատում են՝ 800 հա տարածք տվեցին՝ մոռանալով Արցախյան պատերազմի ժամանակ մեր հետ բերած տարածքները:

1990-ականներին էլի մենք ենք արել դա, և այն ժամանակ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ գնո՞ւմ եք առաջ, նայեք, որ դա քիչ կորուստներով լինի, որ հետո կարողանանք գնալ առաջ առհասարակ: Մենք միլիարդանոց ազգ չենք, մենք չենք կարող չմտածել զինվորի կյանքի մասին: Ժողովուրդն աշխատել է, հիմա ի՞նչ են ուզում իմանալ:

Ի վերջո, հետախուզության վարչության նախկին պետը՝ գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են Զինված ուժերը: Հիմա մենք այստեղ նստած ենք, և կարող է հակառակորդը հարձակվել ինչ-որ ուղղությամբ: Այնպես որ, լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը: Ադրբեջանական կողմին չհաջողվեց հասնել իր նպատակին, նրանց կորուստների թիվը շատ ավելի մեծ էր՝ մոտավորապես 800: Սա լուրջ հարց է, որ իրենց չհաջողվեց այն, ինչ ուզում էին:

– Փոքր ակնարկ եղավ Արցախյան պատերազմում Ձեր մասնակցության մասին: Վստահ եմ՝ շատերը չգիտեն, կհիշեցնե՞ք՝ ինչպես դա ստացվեց, ո՞ր հատվածներում եք եղել:

– Ես փոխգնդապետ էի, դիմեցի Վազգեն Սարգսյանին, դա 1991 թվականն էր, ես այդ ժամանակ Գյումրիի հակատանկային զորամասի հրամանատարն էի: Ասացի, որ պատրաստ եմ մի 20 ենթասպա, սպա տեղափոխել Հայոց բանակ, բացատրեցի՝ ինչ սպառազինություն ունենք: Վազգեն Սարգսյանն ուշադիր լսեց և ասաց, որ, երբ դրա ժամանակը գա, ինքը կասի: Հետո արդեն 1992-ի ապրիլն էր թե մայիսը, չեմ հիշում, հանդիպեցինք իր հետ, և այս զորամասով տեղափոխվեցինք մեր Զինված ուժեր: Դա արդեն հունիս ամիսն էր, զորակոչ տվեցինք և սկսեցինք այլ ուղղություններով աշխատել՝ Լաչինի միջանցք, Կապանի դեպքերը, Տավուշի շրջանում ստորաբաժանում դրեցինք:

– Ո՞ր ուղղությամբ մարտն է հատկապես տպավորվել, հետք թողել:

– Ամենաշատը Կապանի դեպքերն են տպավորվել, որը ղեկավարում էր Խաչատուրովը, հետո ես միացա: Այնտեղ լուրջ մարտեր են գնացել դեկտեմբերի 24-ին: Մենք կարողացանք պահել, այլապես իրենք կարող էին մտնել Ագարակ ու այնտեղից՝ Կապան: Փառք Աստծո, այդ գործն արեցինք: Մեր կողմից 7 զոհ ունեցանք, իրենց կողմից՝ 100: Մենք սա արեցինք ֆիդայիների հետ համատեղ: Լաչինի միջանցքում էինք հետո, այնուհետ 1993-ին սկսեցինք Խնձորեսկից մինչև Կուբաթլի և դուրս եկանք Հորադիզի ուղղությամբ: Սա Զինված ուժերի և ֆիդայիների հետ համատեղ էր: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, Վազգեն Սարգսյանը՝ պետնախարար:

Ամիսը մի երկու-երեք անգամ հանդիպում էինք նրանց, և ամեն հարցով նրանք մեզ առաջ էին տանում: Ծանր ժամանակ էր 1993-94 թվականները, երբ հակառակորդը հաջողություն ունեցավ Քելբաջարի և Հորադիզի ուղղությամբ:

Եվ Յուրի Խաչատուրովի հետ, Արցախի ՊԲ-ի հետ համատեղ, կարողացանք Քելբաջարը վերականգնել: Ես աշխատում էի հիմնականում Հորադիզի ուղղությամբ, այնտեղ Մանվել Գրիգորյանն էր, և 18-20 տարեկան զինվորները ճիշտ ղեկավարությամբ կարողացան խոցել հակառակորդի 29 տանկ և 2 ԲՄՊ: Ցավոք, ունեցանք զոհ՝ Ավետիսյան Արտակ, նա Մարալիկից էր:

Բացի այս, 5 վիրավոր ունեցանք: Տեխնիկայի կորուստ չունեցանք: Մեզ ղեկավարում էր պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, մենք՝ արդեն մեր ենթականերին: Առանց ճիշտ պլանավորման չես կարող գնալ, մենք պիտի իմանանք, թե ինչ ենք ուզում, որ ինչի հասնենք: Ես ուրախ էի, որ իմ զինվորները «Մարտական խաչ» ստացան, հակատանկային գունդը, ինձ հետ միասին, 6 հոգի «Մարտական խաչ» ստացան, մի զինվոր՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:

Բաղդասարյան Արտակ կար՝ Արթիկի Մանթաշ գյուղից, նա 9 տանկ է խփել: Դա հերոսություն է: Կարծում եմ՝ իմը լավ պատրաստված զորամաս էր, դրա համար կարողացանք հաջողություն ունենալ: Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է դա, երբ քեզ վրա տանկ է գալիս:

– Երբ սահմանին իրավիճակը լարվում է, ակտիվանում են պատերազմի վերսկսման խոսակցությունները: Այսօր պատրա՞ստ է Ադրբեջանը լայնածավալ գործողությունների:

– Մեր Զինված ուժերն ամեն վայրկյան պատրաստ են պատերազմի: Դրա համար և՛ նախկին, և՛ այսօրվա ղեկավարությունն ասել են, որ հայկական կողմից կրակոց չի լինելու: Հիմա վարչապետն Ալիևի հետ հանդիպմանն ասում է՝ արի չկրակենք: Մենք չենք կրակում, բայց հակառակորդը չի կատարում պայմանը: Զինված ուժերը միշտ պիտի պատրաստ լինեն պատերազմի, այլ հարց է՝ դա կլինի՞, թե՞ չի լինի:

Այս ուղղությամբ ԱԳՆ-ն է աշխատում: Մեր զինվորները՝ նախարարից մինչև շարքային, պատրաստ են երկիրն Արցախի հետ միասին պաշտպանել: Դա՝ միանշանակ:

Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք. խաղաղ պայմաններում բաժանվում ենք, բայց հենց վտանգը գալիս է, բոլորը միանում են: Նույնը եղավ 1990-ականներին: Պետք չի բաժանվել, ես չեմ ուզում, որ միայն պատերազմի ժամանակ միանանք: 3 միլիոն հայ ենք, մի քանի միլիոն էլ՝ արտասահմանում: Հավատացեք՝ արտասահմանի հայերի մեծ մասը չգիտի՝ ինչ է իրական պատերազմը:

Դրսից իրենց համար հեշտ է թվում, բայց պատերազմին մասնակցածը գիտի, որ այն շատ ծանր գործ է: Դրա համար ամեն ինչ պիտի անենք, որ խաղաղություն լինի: Վերադառնալով բաժանումների թեմային՝ ավելացնեմ. Ես հայաստանցի չեմ, բայց համարյա 30 տարի այստեղ եմ ապրում, հիմա ես վատ կզգամ, որ ինձ ասեն՝ էս թիֆլիսահայն ինչ է եկել: Մենք բոլորս հայ ենք, չպետք է բաժանվենք՝ հայաստանցի, ղարաբաղցի, վրաստանցի, մի գործ ենք անում: Պիտի ամեն ինչ անենք, որ ունենանք ուժեղ Հայաստան, անկախ Հայաստան, անկախ Արցախ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ ուզում, բայց կասեմ՝ միասին պիտի լինենք:

– Հիմա «կռված» տղաների քաղաքականությամբ զբաղվելը վա՞տ է:

– Կային մարդիկ, որոնք այն ժամանակ էլ դրանով զբաղվել են, չեմ կարող ասել: Ես չեմ զբաղվել, չեմ զբաղվելու: Ես զինվորական մարդ եմ: Մենք այնպես ենք դաստիարակված, որ քաղաքականությամբ զբաղվելը մեզ համար ծանր է: Մենք գիտենք մեր գործը, գիտենք զինվորական ուղղությունը, դիվանագետ չենք: Մենք դիվանագետ չենք, ես սա իմ մասին եմ առաջին հերթին ասում: Ես 17 տարեկանից ուսադիրի տակ եմ. 21 տարի սովետական բանակում եմ ծառայել, դրանից հետո փոխգնդապետի կոչումով եկել եմ հայկական բանակ: Նկատել են ինձ, Խաչատուրովին… Վազգենը մեզ նշանակեց կորպուսի հրամանատար, և այսպես առաջ գնացինք: Սիրուն աչքերի համար չի արել:

– Ասում են՝ կան մարդիկ, «սիրուն աչքերի» համար են արել:

– Ես չգիտեմ: Դուք ում նկատի ունեք՝ իրենից հարցրեք: Ինձ ու Խաչատուրովին սիրուն աչքերի համար չեն տվել կոչում: Մենք որ Հայաստան ենք եկել, ոչ մի բարեկամ, քավոր չենք ունեցել, վերցրել ենք մեր փոքր երեխաներին ու եկել՝ որպես պրոֆեսիոնալ: Հիմա դրանից հետո սիրուն աչքերի համա՞ր եմ «Մարտական խաչ» ստացել, կամ մեզ գեներալի կոչում կարո՞ղ է սիրուն աչքերի համար են տվել: Ո՛չ: Ես չէի ասի, որ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն այն ժամանակ սիրուն աչքերի համար ինչ-որ պաշտոնի նշանակեին: Չեմ կարծում:

– Վազգեն Սարգսյանին շատ հիշատակեցիք, իր հետ կապված ի՞նչ հիշողություն ունեք:

– 1994-ին ինքը եկավ Հորադիզի ուղղությամբ, կարծեմ մարտ ամիսն էր, մենք խրամատի մեջ էինք, ասաց՝ Դաթո, էս տանկերը դո՞ւ ես խփել, պատասխանեցի, որ ես ղեկավարել եմ, անձամբ չեմ խփել, զինվորներն են խփել, ինչին նա արձագանքեց՝ ասելով՝ հետաքրքիր տղա ես, ուրիշը կասեր, որ ինքն է խփել, հետո գրկեց ինձ ու ասաց՝ ձեր ցավը տանեմ, մեծ գործ եք արել: Մի օր էլ Սևանում մի հետաքրքիր պահ եղավ, որ պարգևատրեցին, այդ ժամանակ Ներքին գործերի նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Հիմա ես կանգնած եմ, Վազգենը կանչեց, թե՝ արի այստեղ, գնացի, մեկ էլ, թե՝ Դաթո, Վանոյին գիտե՞ս, պատասխանեցի, որ մոտիկից ծանոթ չեմ, շուռ եկավ Վանոյին՝ իմանաս ինչ տղերք ունեմ: Վազգեն Սարգսյանը բացառիկ ղեկավար էր, որին միշտ հարյուր տոկոսով հավատացել եմ: Ասացի, որ իր հետ 1991-ին եմ ծանոթացել, և կարող եմ ասել, որ բանակաշինության գործում մեծ լումա ունի:

Ես պարզ ասեմ՝ Վազգեն Սարգսյանը՝ որպես ղեկավար, պետք էր էս պետությանը, ցավոք, եղավ Հոկտեմբերի 27-ը, երբ ահաբեկչական ակցիայի հետևանքով խփեցին նրան: Եթե չխփեին, համոզված եմ՝ այսօր մեր Հայաստանն ավելի բարձր մակարդակի վրա կլիներ: Իր նման մարդիկ 100 տարին մեկ են ծնվում: Այստեղ պիտի ասեմ, որ պաշտպանության բոլոր նախարարներն իրենց գործը կատարել են, ամեն հաջորդը շարունակել է: Անկախ նրանից, թե ինչ իշխանություն է, Զինված ուժերն իր գործը կատարել է: Ե՛վ նախկինները, և՛ այսօրվա ղեկավարները գիտակցում են, որ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում, մեր տարածաշրջանում Զինված ուժերը պետք է լինեն ուժեղ: Մենք ոչ թե մարդուն ենք ծառայում, այլ պետությանը, զինվորականն իր գործն է անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել