Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն առաջարկել է համաձայնության գալ քրդերի հետ, այլապես սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը նամակը գրել է հոկտեմբերի 9-ին: «Լսեք, եկեք պայմանավորվենք լավ գործարքի շուրջ: Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար, իսկ ես այդ քայլին կգնամ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է. «Ես մեծ ջանքեր եմ գործադրում ձեր որոշ խնդիրների լուծման նպատակով: Մի թողեք՝ աշխարհը քանդվի: Դուք կարող եք շատ լավ գործարք կնքել»:

Թրամփն ընդգծել է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի հրամանատար Մազլյում Աբդին ցանկանում է բանակցել Էրդողանի հետ և «պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք նախկինում չէր անի»: ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է, որ նամակին կցում է նաև Աբդիից ստացված հաղորդագրությունը:

Բացի այդ՝ նամակում Թրամփը հայտնել է Էրդողանին զանգելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ-Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել