Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ն 2020 թվականի պետական բյուջեի, նախատեսված ծախսերի, ռազմավարական ծրագրերի մասին զրուցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի հետ։

Կառավարությունը օրերս հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի ծրագիրը։ Հասցրե՞լ եք ուսումնասիրել այն։ Ըստ Ձեզ՝ որքանով այն Հայաստանին կմոտեցնի տնտեսական հեղափոխությանը։

- Դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ։ Մոտ 2000 էջանոց փաստաթուղթ է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Առաջին թռուցիկ ընթերցումից, ուղերձը նայելուց հետո պետք է նշեմ, որ թեև բյուջեի ծավալներն աննախադեպ են՝ մոտ 4 միլիարդ դոլար, այդուհանդերձ իմ գնահատմամբ դա իր մեջ այնքան ռեսուրս չի պարունակում, որ կարողանանք, հեղափոխական քայլեր կատարենք։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Եթե այս տարի մենք սպասում ենք 7 տոկոս աճ, ապա բյուջեի նախագծով նախատեսված է 4.3 տոկոս ՀՆԱ-ի աճ։ Այսինքն դա չի կարելի հեղափոխական համարել, բայց կարծում եմ, որ բյուջեն ոչ թե խուսափողական է, այլ մի քիչ պաշտպանողական։ Այս տարվա բյուջեում էլ ուրիշ թիվ էր գրված, բայց մեծ մուտքեր ապահովվեց։ Կարծում եմ՝ բյուջեում կան մեխանիզմներ, թե ինչպես պետք է հաղթահարեն ներկայումս  առկա ստվերային շրջանառությունը, որպեսզի ապահովեն բյուջետային մուտքեր։ Դրան, իհարկե, խոչընդոտում է դատական իշխանության դեռ նախկին  համակարգի պահպանումը։ Իրականության մեջ ունեցանք քաղաքական հեղափոխություն, ունեցանք գործադիրի փոփոխություն, բայց դատական իշխանությունը չի փոխվել և դեռևս  խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ Հայտարարվում է, որ մեզ մոտ օլիգարխիան վերացել է, մենաշնորհները վերացել են, բայց դա քաղաքական հայտարարություն է։ Առկա են  տնտեսության մեջ գերիշխող դիրք գրավող նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի բիզնեսները։ Իրենք իրենց կառուցվածքներով մնացել և խոչընդոտում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Կառավարությունն այս բյուջեում և իր մյուս ռազմավարական ծրագրերում պետք է ունենար ապօրինի հարստացման արդյունքում կառուցված բիզնես համակարգերին հարվածելու ծրագիր։ Այսինքն նմանատիպ կառուցակարգերի փոփոխություն պետք է լինի, որն այս փուլում դեռ չի հաջողվել, սակայն հույս ունեմ, որ մյուս տարի կկատարվի։ Եթե ոչ, ապա մենք տնտեսական հեղափոխության չենք հասնի։ Տնտեսական հեղափոխություն ասելով՝ հասկանում եմ երկնիշ թվով աճ։ Երկրորդ հերթին կարծում եմ կառուցվածքային փոփոխություն պետք է լինի։ Ներկայումս  ՀՆԱ-ի մեջ մշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ավելի քիչ է, քան առևտրի, ծառայությունների ոլորտինը։ Մենք, հեղափոխության գնալով, պետք է մշակող արդյունաբերության ոլորտը զարգացնող խթաններ ունենանք։ Փոքր բիզնեսի, թեթև արդյունաբերության,  գյուղատնտեսության ոլորտների հետ կապված կան բազմաթիվ լավ ծրագրեր,  բայց դրանք կետային փոփոխություններ են։ Չկա ռազմավարական  ծրագիր։ Մեր երկիրը դեռ աշխատում է 2014-15 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, որն արդեն հնացել է և համահունչ չէ թավշյա հեղափոխության արժեքներին։ Պետք է ունենանք համապարփակ ռազմավարական ծրագիր 10, 15, 20 տարվա համար։

- Կառավարությունը համակարգված և ստույգ ի՞նչ քայլերի պետք է դիմի, որպեսզի վերացնի տնտեսության մեջ մեծ դիրք գրավող նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի բիզնեսները։

- Բյուջեի մեջ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է բարձրացնել  ընդամենը 1.2 տոկոսային կետով, ինչը շատ քիչ է։ Կարծում եմ, որ դա պետք է առնվազն 35 տոկոսի չափով լինի, որպեսզի կարողանանք բյուջեում օրինական փողեր հավաքել։ Ժողովուրդը թավշյա հեղափոխության ժամանակ ոտքի կանգնեց՝ լսելով քաղաքական ուժի հայտարարությունը, որ պետք է իրականացնեն անցումային արդարադատություն։ Ցավալիորեն անցումային արդարադատության ուղղությամբ քայլեր մինչ օրս չեն կատարվել  և այն ապօրինի հարստացած միջոցները, որոնք պետք է ուղղվեին տնտեսության զարգացմանը, հիմա ուղղվում են այս իշխանությունների դեմ սաբոտաժ իրականացնելու գործիքներին։ Դա թե՛ դատական իշխանության, թե՛ չորրորդ իշխանության՝ որոշ լրատվամիջոցների վրա փողերի ծախսումն է, փաստաբանական ծառայությունների վրա ծախսումը, որպեսզի պաշտպանեն քրեաօլիգարխիկ համակարգի գեներալների ունեցվածքը։ Առաջին քայլը դա պետք է լինի։ Այնուհետև պետք է խթանել ներքին ներդրումները։ Իրականացնել հարկային համաներում։ Դրա համար նախ պետք է իրականացնել անկախության տարիներից ի վեր բոլոր չինովնիկների հարկային հայտարարագրերի մասին ուսումնասիրություն և ապօրինի հարստացած միջոցների ազգայնացում և հարկային համաներում։ Այդ միջոցները, եթե ուղղվեն երկրի տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերին, դրանով կխթանենք ֆինանսական միջոցների այն պակասուրդը, որը երկիրը ստիպված է կա՛մ եվրոբոնդեր թողարկելով, կա՛մ վարկեր խնդրելով լրացնել։ 

- 2020 թվականի պետբյուջեով կառավարությունը մտադիր է դեֆիցիտը լրացնել ոչ թե արտաքին աղբյուրներից, այլ ներքին։ Համամի՞տ եք այս մոտեցմանը։Ձեր կարծիքով դա կնվազեցնի՞ Հայաստանի կախվածությունն արտաքին շուկայից։

- Այո, երկրի տնտեսությունը զարգացնելու համար պետք է ներքին ռեսուրսներն օգտագործել, ավելին օֆշորոային գոտիներում գտնվող հայկական կապիտալը, որ փախել է այստեղից, համաներման ճանապարհով պետք է թույլ տալ այստեղ ներդրում կատարեն։ Պետք է հարկային համաներման ակտ կատարվի։ Պետք է ասեն՝ շատ վատ ես արել, որ գողացել ես, տարել ես դուրս, հիմա թույլ եմ տալիս բեր, բայց երկիրը զարգացրու։ Եթե ոչ, ապա անցումային արդարադատության շրջանում քեզ ենթարկելու եմ պատասխանատվության։ Այո, ներքին ռեսուրսները պետք է օգտագործենք։ 

- Կառավարությանը կհաջողվի՞ այս ծրագրով պահպանել ընթացիկ և կապիտալ ծախսերի համամասնությունը։

- Բյուջետային հայտում պահպանված է բյուջետային կանոնը առ այն, որ կապիտալ ներդրումների ծավալը պետք է պակասուրդից պակաս չլինի,  բայց տեսնում ենք որ պակասուրդը շատացել է։ Օրինակ այս տարի կապիտալ ներդրումների ծրագիրը չկատարվեց, թեև հսկայական շինարարություն է գնում։ Ինչումն էր խնդիրը, նախկին բյուջեում եղել  էին կոռուպցիոն սխեմաներով կապիտալ այնպիսի ներդրումներ, որ այս կառավարությունը դադարեցրեց, չթողեց այդ կոռուպցիոն ծախսերը լինեն, որի արդյունքում կապիտալ ծախսերը չկատարվեցին։ Հուսով եմ՝ 2020թ.-ի բյուջեում նախատեսված կապիտալ ծախսերը կլինեն նպատակային։

- Որքանո՞վ է իրատեսական, որ այս բյուջեն կիրագործվի։

- Հուսով եմ, որ կկատարվի։ Բայց կառավարությանն առաջարկում եմ ևս մեկ անգամ նայել այն։  Պետք է բյուջեում առկա նախկինից եկող կոռուպցիոն սխեմաները վերացնեն։ Օրինակ կարծում եմ, որ գիտության համար տրվող ծախսերը կոռուպցիոն են։ Սխալ է, որ մեր երկրում գիտությունը կառավարում է երեք մարմին՝ ԿԳՄՍ, նրան ենթակա գիտության կոմիտեն և ԳԱԱ-ն։ Պետք է կառվարման բարեփոխում կատարվի։ Երկար տարիներ գիտությունների կոմիտեն կոռուպցիոն նպատակներով տվել է ծրագրեր և արդյունքային ոչ մի ցուցանիշ գիտական մշակումների վրա չկա։ Կարող եմ փաստ նշել։ Առնվազն հինգ տարի՝ 2013-2018 թթ. ընթացքում, Բրյուսովի անվան ինստիտուտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որը ղեկավարում է ԱԺ նախկին նախագահ  Տիգրան Թորոսյանը, երկար տարիներ պետբյուջեից ստացել է 77 մլն դրամ, ինչ-որ հեռանկարային հետազոտություններ անելու համար։ Ցավալիորեն դրա մասին ոչ մի հաշվետվություն չկա։ Երբ մեր կազմակերպությունը որոշեց հետաքննություն անցկացնել, որևէ արդյունքի չհասավ։ Նախարարությունը փորձեց ինձ հետ աշխատել, այդուհանդերձ խնդիրը լուծում չունեցավ։ Խնդրի մասին արդեն 1.5 տարի է, ինչ  բարձրաձայնում եմ։ Փորձեցի բյուջեում տեսնել արդյոք այդ կազմակերպությանը կրկին տալիս են բյուջետային դրամաշնորհ, չգտա նման տվյալ։

Այդուհանդերձ գտնում եմ, որ Գիտությունների կոմիտեի կողմից մրցութային միջոցներով իրականացվող գիտական հետազոտությունները , որոնք կիրառական են, ըստ էության կիրառական չեն և դա բյուջետային միջոցների մսխում է։ Պետք է այդ ծրագրերը վերանայվեն և տան այն ոլորտներին, որը կնպաստի մեր տնտեսության զարգացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել