Pastinfo.am-ը գրում է․

«Ես որևէ նիստի չեմ մասնակցել։ Իմ տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությունը չի քննարկել Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ հարց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե «Իմ քայլը» երեկ նիստ է հրավիրել ու քննարկել ՍԴ որոշումը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Պատգամավորի կարծիքով, հեղափոխությունից հետո դատական իշխանությունները պետք է իրենց կացութաձևերում որոշակի բաներ փոխեին. «Ակնհայտ էր, որ նրանք չէին վայելում հասարակության վստահությունն ու նրանց որոշումները ընկալելի ու կանխատեսելի չէին հասարակության համար։ Նրանք՝ լինելով հասարակության կողմից տրված իշխանության կրողը, պետք է բավականին լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի վերանվաճեն հանրային վստահությունը»։

Դիտարկմանը, թե վարկած կա, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին փորձում է «հեռացնել» նրա հայտարարագրերի թերացումները ստուգելով, Մանուկյանն պատասխանեց. «Եթե ցանկանանք ամեն ինչի մեջ էլ կարող ենք միտում տեսնել, բայց առնվազն ես ինքս շուրջ 4 ամիս այդ նույն հայտարարագրերի մասով տեղեկություններ եմ ներկայացրել, և սա բնականանոն գործընթաց է, հանրությունն ուզում է հասկանալ, թե ինչպես է լինում, որ պետական չինովնիկը տարիներ շարունակ միայն պետական պաշտոն է զբաղեցրել և, ըստ էության, նրա եկամուտների մասով կա բավականաչափ կանխատեսելիություն, սակայն այն հարստությունը, որը գեներացվել է պաշտոնավարման ընթացքում շատ ավելի մեծ չափով է եղել»,-ասաց պատգամավորն ու շեշտեց, որ որպես կանոն, պաշտոնի դադարման ֆոնին այդ եկամուտները միանգամից նվազում են։

«Փաստինֆո»-ի հարցին, մտահոգիչ չէ՞ իշխանության համար, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո չի մասնակցում ՍԴ նիստերին, չի ուսումնասիրում իրեն մակագրված գործերը, սակայն օգտվում է իրեն հատկացված ծառայողական մեքենայից ու ստանում աշխատավարձ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն արձագանքեց՝ գործառութային նշանակությունից շեղում ունեցող հանգամանքները մտահոգիչ են իշխանության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել