Pastinfo.am-ը գրում է․

Ստեփանակերտում մեկնարկած ասուլիսին Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը հիշեցրեց, որ եղել է ԼՂ ԳԽ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր՝ նշելով, որ հեռու չէ քաղաքականությունից։ Ապա` հիշեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասյեի հետ ունեցած հանդիպումը. «Ես հարց ուղղեցի՝ ճի՞շտ եմ հասկացել, որ դուք՝ ի դեմս ձեր պետությունների, բարձրաձայն ասում եք, որ պաշտպանում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ո՞րն է այն տարածքը, որի վրա Ադրբեջանը հայտարարել է անկախությունը, պաուզա տվեցին։ Մերզլյակովը ասաց՝ պայմանական խորհրդային տարիներին եղած սահմանների մասին է խոսքը»։

Բալասանյանը հայտարարեց, որ այսօր էլ Ադրբեջանը, մի շարք այլ կազմակերպություններ, պետություններ, իրենց շահերից ելնելով, տարածքային ամբողջականության մասին են խոսում՝ մի մասը ասում է՝ ներկայիս սահմաններով, մյուսները՝ 7 շրջանները ներառյալ, մյուսները՝ Լեռնային Ղարաբաղի հետ։
Բալասանյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը գտնում է, որ Արցախը օկուպացիա է արել, կարող է դատի տալ.«Մենք չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը՝ ի դեմս իր իշխանության նման հարց բարձրացնի»։

Բալասանյանը հիշեց Արցախյան ազատագրական պայքարի դրվագներից եւ հայտարարեց, որ դեռ այն ժամանակ ՀՀ քաղաքական իշխանությունները, ի դեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դեմ են արտահայտվել մայր հայրենիքի հետ ցամաքային կապը բացելու ջանքերին։

Նա հիշեց Քարվաճառի ու Աղդամի գործողությունները, ասաց, որ Աղդամի ազատագրումից մեկ շաբաթ անց ՀՀ իշխանությունը ամեն րոպե հրաման էր իջեցնում ՝ րոպե առաջ լքել Աղդամը։ Հիշեց, որ Բաբկեն Արարքցյանն ու Վանո Սիրադեղյանն են այցելել Աղդամ, բայց հրամանին իրենք չեն ենթարկվել։

«Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, արդեն համոզվել եմ , Լեւոն Տեր-Պետրոսյանի ՝ Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք, քաղաքականության շարունակությունն է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ինքնավար լայն ստատուս տալն էր , այսօր էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ մտքից »,-հայտարարեց Բալասանյանը։

Նա հայտարարեց, որ Արցախի հարցում Փաշինյանը իր տեսլականը չունի, չի հանձնել որեւէ նոր փաստաթղթեր Արցախի ղեկավարությանը եւ այն , ինչ բանակցվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, մշտապես ներկայացվել է Արցախի իշխանությանը։ Նրա խոսքով, համանախագահները մշտապես այցելել են Ստեփանակերտ, Երեւան, Բաքում կամ հակառակը։ Նա նշեց, որ վաղը համանախագաները հանդիպելու են Բակո Սահակյանին։
Բալասանյանը հայտարարեց, որ քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակ չունի եւ պարտավոր է բարձրաձայնել այս մասին։

«ՀՀ-ՌԴ դիվանագիտական խողովակը փշրված է, ՀՀ-Իրան դիվանագիտական խողովակը փշրված է։ Համայն հայությունը տեղյակ է, թե ինչ բանակցությունններ է վարում Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի հետ»,-հայտարարեց Բալասանյանը՝ շեշտելով, որ քաղաքական բոլոր տերմինները հասկանում եւ ըմբռնում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել