Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր թունավոր նյութերի մուտքը օրգանիզմ: Մաշկն ու նյարդային համակարգի բջիջներն ունեն նույն ծագումը` սաղմնային ցողունիկից, այդ պատճառով էլ մաշկը հարուստ է նյարդային վերջավորություններով ու կապված է մարմնի բոլոր մասերի հետ:

Այս կապը երկկողմանի է: Մի կողմից՝ ամբողջ օրգանիզմի ու առանձին օրգանների վիճակն իրենց արտացոլումն են գտնում մաշկի վրա, մյուս կողմից` մաշկի վրա ազդող առանձին գործոններ (ֆիզիկական վարժությունները, մերսումը, կոմպրեսները) օգնում են բուժելու շատ հիվանդություններ:

Մարդու մաշկը հարուստ է շատ զգայական էլեմենտներով` ռեցեպտորներով, որոնք զգում են ցուրտն ու շոգը, ցավն ու ճնշումը, եւ այլն: Ռեցեպտորները գտնվում են մաշկի մակերեսային մասում եւ ընդունակ են ընկալելու անգամ թեթեւակի հպումը: Մաշկի ամենազգայուն ու քանակով շատ ռեցեպտորները գտնվում են մատների ծայրերին:

Մաշկը բաղկացած է երեք հիմնական շերտերից: Մաշկի վերին շերտն էպիդերմիսն է, որը պաշտպանում է մաշկը ջրի ներթափանցումից ու օրգանիզմից շատ հեղուկի գոլորշիացումից: Էպիդերմիսի տակ դերման է, այսինքն` հենց մաշկը: Այն կազմված է էլաստիկ մկանաթելերի շերտերից, բացի այդ` հենց այդ շերտում են գտնվում արյունատար անոթները, նյարդային վերջավորություններն ու քրտնագեղձերը: Իսկ ամենաստորին շերտը ճարպաշերտն է:

Մաշկի վրա ներքին ու արտաքին գործոնների ազդեցությունը կարող է պատճառ հանդիսանալ մաշկային շատ հիվանդությունների: Մաշկային շատ հիվանդությունների պատճառը բիոլոգիական ազդեցությունն է:

Օրինակ, այդպիսի հիվանդություններից է գորտնուկը: Այն մաշկի վիրուսային հիվանդություն է, որով հաճախ հիվանդանում են երեխաներն ու դեռահասները: Գորտնուկը փոխանցվում է հիվանդի հետ անմիջական շփումից եւ կենցաղային առարկաների միջոցով: Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել մաշկի փոքրիկ վնասվածքներն ու քրտնարտադրությունը:

Ինչպես բուժել գորտնուկը ժողովրդական միջոցներով.

  • Վերցնել 1 գլուխ սոխ, քամել հյութն ու քսել գորտնուկին: Չլվանալ առնվազն 8 ժամ:
  • Սոխի հյութը խառնել 2:1 հարաբերությամբ սեղանի քացախի հետ ու եռացնել 10 րոպե փակ ամանի մեջ: Ստացված եփուկով օրը 2 անգամ մշակել գորտնուկը:
  • Գորտնուկի վրա դնել եղինջի թարմ թերթիկներ:
  • Գերչակի ձեթը շատ լավ միջոց է գորտնուկները վերացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է ամեն օր առավոտյան ու երեկոյան 10-15 րոպե գորտնուկի վրա քսել գերչակի ձեթ:
  • Հերպեսը եւս շատ տարածված մաշկային հիվանդություն է: Այն կրում է վիրուսային բնույթ: Հիվանդության վիրուսը փոխանցվում է շփման միջոցով: Հիվանդության զարգացմանը նպաստում է մրսածությունը, օրգանիզմի ցածր դիմադրողականությունը, հիպովիտամինոզը: Այն հաճախ առաջանում է գրիպի կամ պնեւմանիայի ֆոնի վրա: Հերպեսը ժողովրդի մեջ ընդունված է անվանել «շրթունքների տենդ»: Ինչպես ազատվել հերպեսից.
  • Զարմանալի կթվա, բայց հերպեսից շատ հեշտ կարելի է ազատվել սովորական վալոկարդինի միջոցով` քսելով այն վերքի վրա։ Մեկ օրում կզգացվի տարբերություն:
  • Հերպեսով տառապողներին շատ կօգնեն ազնվամորու ճյուղերը: Պետք է դրանք կտրել, լվանալ եռացրած ջրով, կտրատել 1-2 սմ երկարությամբ ու ծամել այնքան ժամանակ, մինչեւ կփափկի: Հետո դա պետք է դնել հերպեսի վրա: Ազնվամորու ճյուղերը պարունակում են նյութեր, որոնք ճնշում են հերպեսի վիրուսը:

Էկզեման կամ դերմատիտը եւս մաշկային հիվանդություն է, որն ավելի շատ ալերգիկ բնույթ է կրում: Հաճախ էկզեման զարգանում է նյարդային համակարգի կամ նյութափոխանակության խանգարման հետեւանքով: Այն հիմնականում առաջանում է դիաթեզով տառապող երեխաների մոտ: Ոչ հաճախ, բայց երբեմն էկզեմայով տառապողների մոտ ալերգիկ ռեակցիաներ են լինում ձկից, ձվից, ցիտրուսային մթերքներից, տան փոշուց, ծաղկափոշուց, քիմիական նյութերից` լվացքի փոշի եւ այլ մաքրող միջոցներ:

Այս հիվանդության առաջացման պատճառները շատ են, դրա համար էլ այն պահանջում է համակարգային բուժում: Եթե էկզեմայի պատճառը սննդային ալերգիան է, ապա առաջին հերթին պետք է կերակրացանկից հանել հենց այդ մթերքները, իսկ օրգանիզմը մաքրելու համար ավելի շատ պետք է ուտել գազար, կաղամբ, սեւ բողկ եւ խնձոր: Կենդանական սպիտակուցներից կարելի է օգտագործել միայն ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, պանիր, իսկ միսը` միայն շոգեխաշած վիճակում: Պետք է խուսափել շատ քաղցրեղենից, ծխեցված մթերքներից ու հատկապես շոկոլադից:

Էկզեմայի ժամանակ շատ լավ օգնում են կռատուկի թուրմից պատրաստված գիշերային կոմպրեսները: Շատ լավ օգնում է կարտոֆիլն ու մեղրը: Հում կարտոֆիլը մաքրել կեղեւից, լվանալ, անցկացնել մանր քերիչով: 100 գրամ կարտոֆիլի զանգվածին խառնել 1 թեյի գդալ մեղր:

Ստացված զանգվածը լցնել թանզիֆե անձեռոցիկի վրա ու կապել հիվանդ հատվածի վրա: 2 ժամ հետո այն հանել ու մաշկը սրբել չոր շորով: Այս պրոցեդուրան պետք է կատարել օրվա մեջ 1-2 անգամ: Իսկ ահա թե ինչպես են էկզեման բուժել մեր նախնիները. այն նախկինում համարվել է շատ տարածված ու տանջալի հիվանդություն եւ բուժել են կարտոֆիլի օսլայի օգնությամբ:

Եվս մի միջոց կա, որը շատ լավ օգնում է նման իրավիճակներում. դա ակտիվացված ածուխն է:

Դասական բժշկության մեջ այն փորձված միջոց է: Ակտիվացված ածուխն իր մեջ է առնում բոլոր թունավոր նյութերը, որոնք մենք ընդունում ենք սննդի հետ կամ արտազատվում են մեր աղիներում: Օրգանիզմի մաքրման հետ անցնում է եւ՛ գլխացավը, եւ՛ մաշկի քորը, էկզեմա-եղնջատենդը:

Էկզեմայի դեպքում հավասարաչափ խառնել ընկույզի, հազարտերեւուկի չորացրած, մանրացրած տերեւներն ու երիցուկի ծաղիկները: 1 ճաշի գդալ այս զանգվածին ավելացնել 1 բաժակ եռջուր, փակել ամանի մեջ ու փաթաթել սրբիչով ու թրմել 1 ժամ ու քամել: Խմել օրը 4 անգամ` ուտելուց առաջ:

Այս թուրմն անցկացնում է քորը: Էկզեմայի դեպքում շատ արդյունավետ է հետեւյալ միջոցը: Ապակե անոթի մեջ դնել 1 հատ թարմ ձու, վրան լցնել 50 գրամ քացախի էսենցիա, փակել կափարիչով ու 24 ժամ դնել մութ ու զով վայրում: Այնուհետեւ ավելացնել 1 ճաշի գդալ խոզի հալեցրած փորաճարպը եւ խառնել մինչեւ միատարր զանգված դառնալը:

Հիվանդ մասերը լվանալ, չորացնել, ապա քսել պատրաստված քսուքը: Այն շատ ցավոտ է, բայց պետք է գոնե 1 ժամ դիմանալ: Այնուհետեւ քսել որեւէ մանկական կրեմ: Բուժումը կրկնել մի քանի անգամ:

Պսորիազը եւս շատ տարածված մաշկային հիվանդություն է: Այստեղ խոսքը գնում է մարմնի տարբեր մասերում նյութափոխանակության խանգարման մասին, որի ժամանակ նոր բջիջներն ավելի արագ են առաջանում, քան մեռած բջիջները հեռանում են: Այս հիվանդության առաջացման համար պատճառ կարող են հանդիսանալ սթրեսն ու հոգեկան լարվածությունը, ինֆեկցիոն հիվանդություններն ու որոշակի դեղերի օգտագործումը: Պսորիազն առաջանում է առաջին հերթին գլխին, արմունկներին ու ծնկներին` փոքրիկ կամ մեծ կարմիր բծերի տեսքով: Թեկուզ այս հիվանդությունը չի ուղեկցվում ցավերով, սակայն շատ երկարատեւ հիվանդություն է, որը հազվագյուտ է ամբողջովին բուժվում:

Պսորիազի դեպքում վերցնել 100 գ մատուտակի արմատ, 100 գ ալոճենու ծաղիկ, 50 գ անթառամ, 50 գ թանթրվենու ծաղիկ: Թերմոսի մեջ լցնել 3 գդալ այս դեղահումքից, ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր: Թրմել մի քանի ժամ, քամել, բաժանել 4 մասի եւ խմել ուտելուց 1 ժամ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել