Pastinfo.am-ը գրում է․

Սպասելի որոշում էր, որովհետև ԱԺ-ի ներկայացրած տվյալ որոշումը՝ որպես իրավական ակտ  հակասահմանադրական բնույթի էր ՝ վերնագրից սկսած մինչև բովանդակություն։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու որոշումը։
Գոհար Մելոյանի խոսքով՝ Ազգային ժողովը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է բովանդակային և ընթացակարգային խախտումներով։

«Բնականաբար նմանատիպ փաստաթուղթը չէր կարող վարույթ ընդունվել և հանդիսանալ քննության առարկա»,- ասաց Մելոյանը։

Սահմանադրագետը նշեց, որ  ընթացակարգի համաձայն՝ դիմումը ներկայացնելու և ՍԴ մուտքագրելուց հետո 7-օրյա ժամկետում պետք է որոշվեր քննության ընդունելու կամ մերժելու հարցը։ Այսօր՝ 7-րդ օրը, հայտարարվեց, որ  աշխատակարգային որոշում է ընդունվել մերժել  տվյալ դիմումի քննությունը։ Որոշումը կհրապարակվի  եռօրյա ժամկետում։

Սահմանադրագետը նաև հայտնեց, որ ՍԴ-ի կողմից  պատճառաբանված որոշման հրապարակումից հետո պարզ կլինի, թե որ դատավորներն են մասնակցել նիստին։  

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՍԴ-ն  2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Ինքը՝ Հրայր Թովմասյանը չի մասնակցել  նիստին՝ վերցնելով կարճաժամկետ՝ երկօրյա արձակուրդ՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել