2015-ի քիմիայի ոլորտի նոբելյան դափնեկիր Թոմաս Լինդալը հայտնել է մարդու մոտ քաղցկեղի զարգացման երկու հիմնական մեխանիզմների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հերքել է այն միտքը, որ վտանգավոր մուտացիաները և դրա հետ կապված քաղցկեղային ուռուցքները հիմնականում առաջանում են ճառագայթման, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սննդում առկա քաղցկեղածին նյութերի պատճառով: Գիտնականը շեշտել է, որ քաղցկեղն առաջանում է բջիջների ներսում ընթացող կենսագործունեության բնական գործընթացների հետևանքով, որոնք կապված են հիդրոլիզի, այսինքն՝ ջրի տարրալուծման, և թթվածնի ագրեսիվ ձևերի առաջացման հետ:

Լինդալը նշել է, որ թթվածինը և ջուրը կարևոր դեր են խաղում օրգանիզմում, և դրանք լիովին բացառելն անհնար է: Նրա կարծիքով քաղցկեղը հնարավոր չէ բուժել, բայց կան այնպիսի դեղեր ստեղծելու եղանակներ, որոնք ավելի արդյունավետ և անվտանգ կոչնչացնեն ուռուցքները, ինչպես նաև արդյունավետորեն կկրճատեն ռիսկի այլ գործոնները:

«Այս համակարգը բնության կողմից կատարելագործվել է միլիարդավոր տարիների ընթացքում»,- հայտարարել է նա:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը ծխողներին խորհուրդ է տվել հրաժարվել նիկոտինից կամ նվազագույնի հասցնել դրա սպառումը, քանի որ ծխախոտը բջիջների վրա նույն ազդեցությունն է թողնում, ինչ թթվածնի ագրեսիվ ձևերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել