Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: Այս մասին ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը:

Նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցություն ցուցաբերեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմքը քուրդ մարտիկներն են:

«Վերջին հինգ օրերին Սիրիայի հյուսիս ներխուժած թուրքական զորքերը բազմաթիվ հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության դեմ: Ագրեսորներին համատեղ հակահարված տալու համար մենք համաձայնության ենք եկել սիրիական կառավարության հետ, որը պետք է պաշտպանության տակ վերցնի ազգային ինքնիշխանությունն ու սահմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ համաձայնագիրը «թույլ կտա ազատել թուրքական իշխանությունների և նրանց կողմից մարտնչող վարձկանների գրաված բոլոր սիրիական շրջանները, ներառյալ՝ Աֆրինը»,- նշել է քրդական կողմը:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին, որից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: 

Ռազմարշավի մեկնարկից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել