Operativ.am-ը գրում է․

Կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, Գերմանիայի պաշտպանության նախարար եւ Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի (ՔԴԴ) նախագահ Անեգրեթ Քրամփ Քարենբաուերն առաջարկել է պահպանողական ՔԴԴ-ի նախընտրական ծրագրում ավելացնել կրկնակի քաղաքացիությունն արգելող դրույթ, հաղորդում է DW-ը:

Քարենբաուերի խոսքով՝ նա կսատարի համապատասխան նախաձեռնությունը նոյեմբերի վերջում կուսակցական համագումարի ժամանակ: Նա նաեւ խորհրդակցություններ կանցկացնի Գերմանիայում կրկնակի քաղաքացիության մասին հնարավոր օրինագծի շուրջ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հետ բունդեթագում: Սակայն օրենսդրական այս շրջանում այդ օրենքն ընդունելու շանսեր չկան՝ կապված իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկրատների բացասական դիրքորոշման հետ, ընդգծել է ՔԴՄ-ի ղեկավարը:
Անեգրեթ Քրամփ Քարենբաուերը, որը 2018 թվականի դեկտեմբերի 7-ին փոխարինել էր Անգելա Մերկելին ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնում, նախկինում եւս անդրադարձել է կրկնակի քաղաքացիության թեմային: «Կրկնակի քաղաքացիության հայեցակարգը կարող է գործել միայն այն դեպքում, եթե այն չխոչընդոտի ինտեգրմանը»,-հայտարարել է նա դեռեւս 2018 թվականի նոյեմբերին ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնում իր նախընտրական քարոզարշավի շրջանակում: Կրկնակի քաղաքացիության մասին օրենսդրությունը խստացնելու առաջարկվող միջոցներից է Գերմանիայում ապրող իմիգրանտներից իրենց թոռներին քաղաքացիությունը փոխանցելու արգելքը՝ այսպես կոչված «սերունդների սահմանափակումը»:

Ավելի ուշ՝ 2019 թվականի փետրվարին, Քրամփ Քարենբաուերը կոչ է արել անհապաղ փոփոխություն կատարել օրենսդրության մեջ Գերմանիայի անձնագիր ունեցող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին քաղաքացիությունից զրկելու գործընթացը պարզեցնելու նպատակով: «Նա, ով գնում է ահաբեկչական կազմակերպություն եւ ունի երկու անձնագիր, պետք է իմանա, որ այդկերպ նա կզրկվի գերմանական անձնագրից»,-նշել է ՔԴՄ-ի ղեկավարը Redaktionsnetzwerk Deutschland (RND) մեդիախմբի պարբերականներին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել