Operativ.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից հռետորաբանության խստացում բավականին հաճախ է տեղի ունենում, եւ դա կապ ունի երկրում ներքաղաքական իրավիճակի հետ:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Վալդայ ֆորումում Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը նոր չէ, ադրբեջանցի բարձրաստիճան անձինք հաճախ շփոթում են արտաքին քաղաքական եւ ներքաղաքական հռետորաբանությունը, որն ուղղված է ներքին լսարանին, հաճախ հնչում է ադրբեջաներենով եւ ժամանակ առ ժամանակ դուրս գալիս արտաքին քաղաքականության հարթակ:
«Ընդհանուր առմամբ, Վալդայ ֆորումում Իլհամ Ալիեւի հայտարարությունն անտեղի էր այն առումով, որ նա հանդես էր գալիս 5 պետությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստին, ընդ որում, քննարկման թեման նախապես ծրագրված էր, որն առավել գլոբալ էր: Տվյալ հանգամանքում թեմաները, որոնք բարձրացրել է Ադրբեջանի նախագահը, ընդունվել են որպես ծայրաստիճան մասնավոր, եւ ամեն ինչ մի փոքր չափազանցված տեսք է ունեցել»,- նշեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ պարբերաբար իրավիճակի լավացմամբ եւ վատթարացմամբ որոշակի դինամիկա է նկատվում, սակայն 2016-ի երկրորդ կեսից սկսած իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եթե հաշվի չառնենք նույնիսկ այն, ինչ տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: «Իրավիճակը պահպանվում է այնպես, ինչպես կար»,- եզրափակեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Վալդայ միջազգային ակումբի XVI նիստում Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել