168.am-ը գրում է.

Ճապոնիայի մայրաքաղաքի տարածաշրջանի բնակիչները վաղօրոք պատրաստվում են «Հագիբիս» թայֆունի մոտենալուն ճապոնական արշիպելագին. Տոկիոյի խանութների վաճառասեղաններից անհետացել են հացը, ջուրը, արիշտան եւ գազի բալոնները: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ճապոնացիները թայֆունի գալուն սկսում են պատրաստվել միայն այն ժամանակ, երբ այն լուրջ սպառնալիքի է վերածվում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, «Հագիբիս»-ն ուժով համեմատելի է 1958 թվականի «Իդա» («Կանոգավա») թայֆունի հետ, երբ 1269 մարդ զոհվեց:

Նրանք նշում են, որ Տոկիոն եւ մայրաքաղաքի տարածաշրջանը թայֆունի ազդեցությունը կզգան հատկապես հոկտեմբերի 12-ին եւ լույս հոկտեմբերի 13-ի գիշերը: Քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 45 մետրի (ժամում 216 կիլոմետր): Քամու այդ ուժը բավարար է, որպեսզի շրջի բեռնատար ավտոմեքենան եւ ավելի քան բավարար է, որպեսզի տապալի ծառերն ու էլեկտրահաղորդման գծերի հենասյուները:

Երկրի երկու խոշորագույն ավիաընկերություններ արդեն հայտարարել են հոկտեմբերի 12-ին 1190 ավիաչվերթ չեղարկելու մասին: Նույն օրվա առավոտյան կամ ցերեկը կանգ կառնի երկաթուղային ընկերությունների մեծամասնության գնացքների երթեւեկությունը՝ հիմնականում Հոնսյու ճապոնական կղզում: Հոկտեմբերի 12-ին թայֆունի պատճառով գնացքների երթեւեկության դադարեցման մասին հայտարարել է նաեւ Տոկիոյի կոմերցիոն մետրոպոլիտենը: Շաբաթ օրը չեղարկվել են պարապմունքները Տոկիոյի դպրոցներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել