Pastinfo.am-ը գրում է․

Հոկտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Սիրիա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածներում սկսել են ռազմական գործողություններ։ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

- ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցազրույցներից մեկում ասաց, որ ԱՄՆ-ն Սիրիայում քրդերի դեմ իրականացվող թուրքական գործողություններին «կանաչ լույս» ցույց չի տվել և որ Թուրքիային ռազմական օգնություն չի ցուցաբերելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունը։

- Այն տարածքները, որտեղ Թուրքիան սկսեց զինված գործողությունները ամերիկյան վերահսկողության տակ են, և Ամերիկան այդ մասում բացահայտ, առանց  թաքցնելու, իշխանական պետության դեմ պայքարելու համար, զինում և վարժեցնում էր քուրդ ռազմական կազմավորումներին։ Թուրքիան մշտապես բողոքում էր, թե ինչու է ԱՄՆ-ն զինում, զենք տրամադրում, վարժեցնում այդ քրդերին, քանի որ դրանք ահաբեկչական կազմավորումներ են, Քուրդիստանի բանվորական կուսակցության մի ճյուղն են հանդիսանում։ Բայց ԱՄՆ-ն հակադարձում էր, որ  նրանք Իսլամական պետության դեմ միակ նորմալ կռվող և արդյունավետ ուժն են։ Թուրքիան իհարկե առարկություններ ուներ, սակայն ի վերջո նրան  հաջողվեց  Ամերիկայի հետ ներքին բանակցությունների արդյունքում համաձայնության գալ։ Ինչո՞ւ ներքին, քանի որ վերջին տարիներին Ամերիկայի արտաքին քաղաքականության մեջ այլևս նման բացահայտ «մտնենք այս երկիրը», «այստեղ կրակենք»  բացակայում է, ավելի շատ ներքին պայմանավորվածությունների արդյունքում է ամեն ինչ արվում, հետևաբար չէին կարող ասել՝ թույլ ենք տվել, որ Թուրքիան  մտնի ու  կոտորի։ Իրատեսական չէր, որ Ամերիկան կասեր այո ես աջակցում եմ։ Բայց եթե մի տարածք գտնվում է Ամերիկյան վերահսկողության տակ, ունի զորքեր և հանկարծ Ամերիկան որոշում է, որ պետք է զորքերը հանի, որից հետո  Թուրքիան էլ շատ հանգիստ սկսում է իր գործողությունը։ Ամերիկան տեղյա՞կ էր, թե՞ ոչ։ Մտել են իր վերահսկողության գոտին, կրակում են, ոչնչացնում են այն զենքը, որն ինքը ժամանակին տվել էր։ Այսինքն Պոմպեոյի հայտարարությունը բավականին նորմալ էր։ Ամերիկան պետք է ժխտեր։ Թուրքերին չդատապարտեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ով ընդամենը ասաց՝ մենք հուսով ենք, որ Թուրքիան կպահպանի չափավորությունը։ Այսինքն ՝ մենք տեղյակ ենք։ Չեմ կարծում, որ որևէ տարբերություն կարող ենք տեսնել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև։ Գաղտնիք չէ՝ ՆԱՏՕ-ն ում կողմից է ավելի շատ ղեկավարվում։

- Կարո՞ղ ենք նույն կոնտեքստում դիտարկել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքը։

- Լավրովի հայտարարությունը չեզոքության մասին էր։ Այսօր Պուտինն էլ խոսեց։ Նրանք չեզոքության մասին են խոսել։ Նրանք այս հարցում Ամերիկայից հետո երկրորդ կողմն են։ Դա առաջին հերթին ամերիկյան ազդեցության գոտի էր։ Հետո նոր պետք էր ռուսներին հաշվի առնել, քանի որ ռուսները ևս Սիրիայում գործ ունեն։ Մի քանի տարի է՝ Սիրիայում գործ ունեն Ամերիկան և Ռուսաստանը։ Եվ մնացածը երկու ուժերի հետ համագործակցության շրջանակներում են կարողանում ինչ-ինչ հարցեր լուծել։ Բնականաբար Թուրքիան Ռուսաստանի  հետևում էր։ Տեղեկացրել էր, ամեն ինչ ճշգրտել են։ Գաղտնիք չէ, որ Սիրիայի օդային տարածքը հենց ռուսական հակաօդային պաշտպանության կայանքների հսկողության տակ է, և ռուսները հանգիստ կարող են ցանկացած պահի ուղղակի հարվածել։ Այսինքն Ռուսաստանն ուղղակի չի խառնվում այս հարցին։ Բնականաբար դիվանագիտորեն է ամեն ինչ բացատրվում, որ խաղաղությունն է ամենաճիշտը, երկխոսության ճանապարհով լուծելն է ճիշտը։ Պուտինը, սակայն,  այլ մտահոգություն հայտնեց։ Նա ասաց, որ բանտերը, որտեղ քրդական ուժերը պահում են Իսլամական պետության զինյալներին, հիմա անտերության են մատնվել, և Իսլամական պետության զինյալներն  ազատության մեջ են։ Խնդիրը բարձրացրեց և հույս հայտնեց, որ Թուրքիան այս առումով քայլեր կձեռնարկվի՝ դրանք չտարածվեն։ Այսինքն Ռուսաստանը նախագահի և արտգործնախարարի մակարդակով Թուրքիայի գործողությունները դատապարտող որևէ հայտարարություն չի արել։

- Իսկ ի՞նչ ենթատեքստ ուներ Պոմպեոյի խոսքն այն մասին, որ կանեն ամեն ինչ՝ ռազմական գործողությունները դադարեցվեն։

- Երկար ժամանակ խոսվում էր Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ձևավորելու մասին։ Թուրքիան ցանկանում էր Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ձևավորել, ԱՄՆ-ին ամեն կերպ համոզում էր գնալ դրան և ինչպես տեսանք այս վերջին օրերին, ԱՄՆ-ն համոզվել է։ Իհարկե ոչ ոք չի կարող ասել, թե քանի կիլոմետր թույլ տվեցին, քանի քառակուսի Թուրքիային քարտբլանշ են տվել, որպեսզի ինքն այդտեղ գործողություն անի, բայց ինչ-որ չափով կարողացան առաջանալ և տարածք վերցնել այդ այսպես ասած անվտանգության գոտու համար։ Թուրքիան ցանկանում է իր տարածքում գտնվող  սիրիացի փախստականներին հետ բերել Սիրիայի այսպես ասած անվտանգության գոտի։ Դրանով ինքը երկու հարց է լուծում. առաջինը իր տարածքից հանում է փախստականներին, որոնք թուրք հասարակության համար արդեն գլխացավանք են դարձել, և իհարկե ազդեցության տարածում ՝ նոր տարածք է վերցնում հարևան երկրում։ Այսինքն Պոմպեոյի հայտարարությունը բնական էր։ Օրեր կանցնեն և Թուրքիան  ինչ-ինչ քրդական զինված միավորումների կկարողանա չեզոքացնել Էրդողանը կհայտարարի, որ ինքը լուծել է իր առջև դրված խնդիրը՝ «ահաբեկիչներին վնասազերծել են» և ավարտում են իրենց գործողությունը։

- Այսինքն ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կհասնի իր նպատակակետի՞ն։

- Այո։ Իհարկե ամեն ինչ հարթ չի ընթանա, ինչպես նախորդ՝  «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողություններն էին։ Դրանք ավելի փոքր գործողություններ էին։ Սա մի քիչ ավելի մեծ է, քանի որ հիմնական քրդական զինված ուժերը, զինված միավորւմները գտնվում են հենց այս մասում։ Եվ այն երկու տարածքները, որտեղ իրականացվել են նախորդ գործողություններ, այնտեղի  բնակիչները լքել են այդ տարածքները և համախմբվել այստեղ։ Ամեն դեպքում Թուրքիան մեկ կարևոր քայլ էլ է իրականացնում։ Առաջին գիծ գնում են վարձկանները՝ արաբ, տարբեր երկրներից եկած վարձկաններ, որոնց մահը Թուրքիայի համար ոչինչ չի նշանակում։ Նրանք վճարովի հիմունքներով կռվողներ են, և զոհերը Թուրքիայի հաշվեկշռին չեն գրանցվում, ինչը Թուրքիայի համար շատ կարևոր է։ Միայն նրանց կողմից որոշակի տարածքներ գրավելուց հետո մտնում են արդեն Թուրքիայի կանոնավոր զորամիավորումները։ Սրանով Թուրքիան փորձում է խուսափել զոհերից և երկրում բացասական մթոլորտ ստեղծելուց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել