Shamshyan.com-ը գրում է․

Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի հետևողական լինեն, որ հանրապետությունում իսպառ վերանա բնության նկատմամբ վանդալիզմը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել։

Նրանք այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության վրա, որ ծառերի սպանդը կատարել են օրը ցերեկով։ 30-ից ավելի հաստաբուն ծառեր մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրվել են։ Ով և ովքեր են բնության նկատմամբ այս վանդալիզմի հեղինակները, կարծում ենք՝ պետք է պարզեն իրավապահները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նկարահանման ժամանակ մի քաղաքացի մոտեցավ ու սկսեց նեղսրտել, թե օրինական են ծառերը կտրվում և փորձում էր հեռախոսի միջից ինչ-որ բան ցույց տալ։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը և Արաբկիրի թաղապետը պետք է հետամուտ լինեն ու ապացուցեն, որ վարչապետի հանձնարարականը՝ ուղղված պատասխանաուներին, օդից հնչած հանձնարարական չի եղել, իսկ քաղաքացիներն էլ, տեսնելով բնության նկատմամբ տեղի ունեցած այս տեռորը, ասում էին. «Բա ո՞ւր ա էդ մեր կոչեցյալ կարգին քաղաքապետը։ Երեկ իր պաշտոնավարման 1 տարին է լրացել, բայց արդեն նման անմարդկային վերաբերմունք բնության նկատմամբ, այն էլ՝ օրը ցերեկով, նա չպետք է հանդուրժի։ Պետք է քաղաքապետարանն ու թաղապետարանը խստագույնս հետևողական լինեն և բնության նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց հայտնաբերեն, ինչը դաս կլինի մյուսներին։ Մոտ 30 տարեկան ծառեր էին, ո՞րոնք րոպեների ընթացքում վանդալները կտրեցին, ու էդ 30 ծառը թթվածին էր տալիս մեզ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել