Hraparak.am-ը գրում է․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամեն գնով ուզում է հասնել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի պաշտոնանկությանը։ Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներից մեկով շրջանառության մեջ են դրել Մուրադյանի կոչումների եւ դիսերտացիաների կեղծ լինելու մասին լուրը։ Մյուս կողմից փորձում են հասնել ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի լուծարմանը կամ նոր խորհրդի կազմավորմանը, քանի որ ժամանակին չկարողացան նախարարին ենթակա խորհուրդ ձեւավորել եւ ամենակարեւորը՝ իրենց ուզած մարդուն հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել։ Հիշեցնենք, որ ԵՊԲՀ խորհրդի նախագահը հայտնի երգահան Վահան Արծրունին է։ 

Սակայն Արսեն Թորոսյանն իր մտադրություններից չի հրաժարվել՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի լուծարման նոր մեխանիզմ է գտել՝ հոգաբարձուները հրաժարական են տալիս եւ նոր խորհուրդ է ձեւավորվում։ Այսօր արդեն լուրեր տարածվեցին, որ մի քանի հոգի դիմումներ են գրել խորհրդի կազմից։ 

Բայց այս պատմությունն այլ ենթատեքստ էլ ունի։ Պարզվում է՝ ԵՊԲՀ-ում Պետական վերահսկողական ծառայության ստուգումների ընթացքում ինֆորմացիայի արտահոսք է եղել դեպի նախարարություն։ Եւ քանի որ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ամուսինն այդ ընթացքում աշխատել է ՊՎԾ-ում, ստուգումներից արտահոսքը ենթադրվում է, որ նրա ձեռքի գործն է։ Հիմա, ըստ լուրերի, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գրելու դիմում է ներկայացրել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ 

Մեր տեղեկություններով, ԵՊԲՀ-ի՝ դատարան ներկայացված հայցի մեջ բավականին ուշագրավ տեղեկություններ կան, թե ինչպես է ՊՎԾ-ի ուսումնասիրության ընթացքում որոշ նյութերի արտահոսք եղել դեպի առողջապահության նախարարություն։ Հայցի մեջ անգամ մատնանշված է, որ տեղեկության արտահոսքը կարող է կապված լինել փոխնախարար Լենա Նանուշյանի ամուսնու հետ, ով աշխատել է ՊՎԾ-ում՝ որպես վարչության պետ:

Ուշագրավ է նաև, որ Սանասարյան-Թորոսյան հայտնի պատմությունից հետո փոխնախարարի ամուսինն ազատվել է ՊՎԾ-ից։ Եվ, ստացվում է շառից փորձանքից հեռու մնալու համար Լենա Նանուշյանը ինքնակամ որոշել է դուրս գալ խորհրդի կազմից, որպեսզի չթիրախավորվի։ Նրան են միացել նաև առողջապահության նախարարության ենթակայությամբ աշխատող այլ աշխատակիցներ ևս։ Ենթադրվում է, որ նրանք անգամ դժգոհություններ կհայտնեն խորհրդից, կառաջարկեն ցրել այն ամբողջովին, որպեսզի ստվերեն դատական պրոցեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել