Pastinfo.am-ը գրում է․

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Երևան» քրեակատարողական հիմնարկ դեռ չի վերադարձել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

« Գագիկ Խաչատրյանը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտության և մնացել է հիվանդանոցում։ Դեռևս գտնվում է հետազոտությունների փուլում։ Չի վերադարձվել «Երևան» քրեակատարողական կենտրոն »,- ասաց Նավիկյանը։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության։ Հավելենք, որ սա Գագիկ Խաչատրյանի երկրորդ այցելությունն է հիվանդանոց և առաջին անգամ նա տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին, հետագայում նրան ԱԱԾ-ում քննվող քրեական գործով մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ դա երկրորդ քրեական գործն է, որով Գ.Խաչատրյանն անցնում է։ Նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել նաեւ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ փետրվարից։ Այդ գործով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը, սակայն ամիսներ առաջ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս գործը վերաբերում է պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումներին։

Նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկել է ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվել են մեկ վարույթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել