Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր, աստղագետ Միշել Մայորը (Michel Mayor) հայտարարել է, որ մարդիկ երբեք չեն լքի Արեգակնային համակարգը և չեն վերաբնակեցվի այլ աստղերի մոլորակներում: Գիտնականի կարծիքով՝ գաղութացման համար պիտանի մոլորակները չափազանց հեռու են գտնվում: Այս մասին հաղորդվում է Phys.org. կայքում:

«Նույնիսկ ամենալավատեսական դեպքում կյանքի համար պիտանի մոլորակը Երկրից մի քանի տասնյակ լուսային տարի հեռավորության վրա կգտնվի, և թռիչքը դեպի այն շատ երկար կտևի»,- ասել է գիտնականը: Նրա խոսքերով՝ ճանապարհորդությունը հարյուր միլիոնավոր օրեր կձգվի, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների մակարդակը, այդ պատճառով անհրաժեշտ է հետևել Երկրի վիճակին, քանի դեռ այն պիտանի է կյանքի համար:

Աստղագետը անմտություն է համարում այն պնդումները, թե՝ եթե Երկրի վրա կյանքն անհնարին դառնա, մարդկությունը կկարողանա լքել այն և այլ մոլորակի վրա վերաբնակեցվել:

Շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորը և նրա գործընկեր Դիդյե Քելոն (Didier Queloz) Նոբելյան մրցանակի են արժանացել առաջին էկզոմոլորակի բացահայտման համար (51 Պեգաս b), որը պտտվում է արևանման աստղի շուրջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել