Pastinfo.am-ը գրում է.

Անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների կողմից կատարվող գործարքները տարօրինակ դինամիկա են արձանագրել։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք գնում են Հայաստանից։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ օտարերկրյացիներն ավելի շատ անշարժ գույք, այդ թվում` բնակարան են վաճառում, քան գնում։ Ասենք` օգոստոսին նրանք ձեռք են բերել 232 անշարժ գույք։ Փոխարենը` վաճառքը 153-ով ավելին է եղել։

Բնակարանային շուկայում ևս օտարերկրյացիներն ավելի շատ վաճառք են իրականացրել, քան գնում։ Տարբերությունը հասնում է 59 տոկոսի։

Ու սա նոր երևույթ չէ։ Նույն միտումը դրսևորվել է նաև տարվա առաջին կեսին։ Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի վեց ամիսներին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 926 անշարժ գույք, այդ թվում` 434 բնակարան։ Նախորդ տարվա համեմատ գործարքները 337-ով ավելացել են։

Թվում է, թե առկա է հետաքրքրությունների լուրջ ակտիվություն։ Սակայն պատկերը փոխվում է, երբ նայում ենք նաև վաճառքը։ Պարզվում է նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գրեթե կրկնակի ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել։ Խոսքը վերաբերում է նաև բնակարաններին։ Տարվա առաջին կեսին գնված 434-ի դիմաց վաճառվել է 833 բնակարան։

Բնակարանների ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների մեծ մասը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս տարվա առաջին կեսին նրանք Հայաստանում ձեռք են բերել օտարերկրյացիների կողմից գնված 434 բնակարանից 251-ը։ Փոխարենը վաճառել են 670 բնակարան, ինչը շուրջ 2,7 անգամ գերազանցում է գնված բնակարանների թիվը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել