Սադհու Բահարտին Հնդկաստանում ապրող սովորական հնդիկ էր, ով զբաղվում էր առևտրով, ուներ ընտանիք ու սիրում էր իր կյանքը։ Մի օր նա հասկացավ, որ այլևս չի ցանկանում ապրել իր կյանքով ու որոշեց, որ պիտի ամբողջովին այն փոխի։ 

Բահարտին նշում է, որ ինքը հասկացավ, որ այն կյանքը, որով ինքն ապրում է, մեղմ ասած, այնքան էլ «սուրբ» չէ, իսկ ինքը ցանկանում է իրեն նվիրել հոգևորին ու հոգևոր արժեքներ տարածելուն։ Այսպես սկսվեց այս տարօրինակ մարդու պատմությունը, ով իր ձեռքը չի իջեցնում ներքև արդեն 46 տարի։ 

Որքան էլ, որ այս փաստն անհավանական թվա, մի անգամ՝ աղոթելու ընթացքում, հանուն Շիվա աստծու՝ Սադհուն բարձրացրեց իր ձեռքն ու որոշեց երկար ժամանակ չիջեցնել, որպեսզի ցույց տա աստծուն նրա հանդեպ սերն ու հարգանքը։ 

Այդպես արդեն 46 տարի է՝ Սադհուն ապրում է այդ սրբացման կյանքով։ Շատերը նշում են, որ իրականում պատմությունն այդպես չի սկսվել։ Սադհուն պարզապես մի օր որոշել է պայքարել հանուն խաղաղության, ու ձեռքը ներքև չիջեցնելը պարզապես իր նպատակին ուղղված տարօրինակ ու տարբերվող քայլ է։ Ինչպես հացադուլը, գործադուլն ու դասադուլը, այնպես էլ այս քայլը պետք է որ ստիպեն մարդկանց մտածել խաղաղության մասին։ Սակայն արդյո՞ք դա իրոք այդպես է։ 

Սադհուի ձեռքը երկար ժամանակ ներքև չիջեցվելու պատճառով ամբողջովին փայտացել է։ Նրա մատները կպել են իրար, իսկ եղունգներն՝ ուղղակի ոլորվել մատների վրա, քանի որ եղունգները նույնպես Սադհուն չի կտրել արդեն 46 տարի։ Այդ տեսարանը անհնար է նայել առանց սարսռելու։ 

Չնայած շատերը Սադհուին համարում են իրական սուրբ ու նրան մեծ պատկառանքով են մոտենում, ոմանք նրան պարզապես չեն ընդունում։ Նրան չընդունողները նշում են, որ մարդն, ով թողել է իր ընտանիքը բախտի քմահաճույքին ու մեկուսացել նրանից, ուղղակի չի կարող ոչ միայն մտածել, այլ նաև խոսել խաղաղության ու սիրո, հանդուրժողականության մասին։ 

Սերը, հարգանքը, խաղաղությունը սկսում են հենց սեփական ընտանիքից, ու այդ պարագայում ինչպե՞ս կարող է ընտանիքին լքած մարդը սուրբ արժեքներ քարոզել։ Սակայն Սադհուի ճիշտ կամ սխալ լինելը պետք է որոշի յուրաքանչյուր ընթերցող ու հասկանա՝ արդյո՞ք այս մեթոդով են պայքարում արդարության համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել