Tert.am-ը գրում է.

Ես ինչպես ինքս իմ նկատմամբ եմ խիստ և պահանջկոտ, այդպես էլ բոլորի նկատմամբ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի և ընդհանրապես իշխանության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության մեկ տարվան:

«Մայրաքաղաքը պետք է լինի օրինակելի քաղաք, օրինակելի տեսքով ու ենթակառուցվածքներով, բնականաբար, չեմ կարող գոհ լինել քաղաքապետի աշխատանքից՝ հաշվի առնելով տրանսպորտի վիճակը, «Սանիթեքի» հետ երկար ձգձգվող խնդիրները: Բայց նաև պետք է ներքին խոհանոցը իմանալ, որ քննադատությունը լիարժեք և հիմնավորված հնչի, թե որտեղ են օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ պատճառները, որտեղ է անհնարինություն եղել, որտեղ է քաղաքապետարանը թերացել»,- ասաց նա:

Անդրադառնալով նախընտրական շրջանում Հայկ Մարությանի տված խոստումներին՝ օրինակ, վերելակների խնդրի կարգավորում, տրանսպորտային ցանցի արդիականացում, փողոցների ցուցանակների փոփոխում, կանաչապատում և այլն, Գինոսյանը նշեց, որ դրանցից որևէ մեկն իրականացված չէ: Նա հայտարարեց, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները չգիտի, թե ինչու չեն իրականացվել, և քանի որ մաթեմատիկոս է մաթեմատիկական բանաձևերով օրինակ բերեց. «Օրինակ՝ եթե y-ը հավասար է 7x, այս դեպքում ինչքան x-ը մեծանա, այդքան 7 անգամ  կմեծանա y-ը, բայց դրա համար ներդրում է պետք անել:  Բայց հնարավոր է, որ քառակուսի և խորանարդ հավասարումներ լինեն, երբ սկզբնական շրջանում դանդաղ ընթանա գործընթացը, և հետո կտրուկ փոփոխություններ լինեն. հուսամ, որ նման բան է մեզ սպասում, բայց անկեղծ ասած՝ ես այդքան էլ համոզված չեմ դրանում»,- հայտարարեց նա:

Ըստ Գինոսյանի՝ հնարավոր է՝ որոշ ասպարեզներում արված գործեր սաղմնային վիճակում են, հիմա պետք է հետևել՝ ծնունդ կլինի՞, թե՞ վիժում: «Գուցե միտումներ կան ինչ-որ բան անելու, բայց լիարժեք, կշեռքի նժարին դրված, իրականացված փաստարկվող գործեր, ցավոք սրտի, կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են»,- ասաց նա:

Բացի այդ, Գինոսյանը նկատեց, որ շատ գործեր էլ կան, որ նախորդ իշխանությունների օրոք էին դեռ նախագծվել, և հասկանալի չէ՝ արդյոք ճիշտ է դա վերագրել այս իշխանությունների կողմից արված գործերին, թե նախորդ:  «Օրինակ՝ տրանսպորտային նոր ցանցի ներդրումն էլ, որ նախորդ իշխանությունների օրոք էր եղել, ասում են՝ պատրաստ է: Հիմա սեղանին դրված ավարտուն գործեր, ցավոք սրտի, քիչ են կամ չկան: Գուցե ես, լինելով մշակութային մարդ, այդքան էլ տեղյակ չեմ, թե ինչ է արվել, բայց կուզենայի, որ Երևանի արտաքին հարդարանքը, նորակառույց շենքերի ճարտարապետական շունչը, քաղաքի կենտրոնական հատվածն ավելի հայեցի լինեին և ավելի հայաշունչ , նաև օրինակելի դառնար Հայաստանի շատ ու շատ քաղաքների համար»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք արդարացված են քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարները, Գինոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ քաղաքի բազում, չլուծված խնդիրների պարագայում, եթե նույնիսկ ղեկավարը որոշել էր պարգևատրել, այդ աշխատակիցները պետք է հրաժարվային այդ պարգևավճարներից, որովհետև քաղաքում այնքան չիրականացված գործեր կան, այնքան բաց տեղեր կան»:

Գինոսյանը նշեց, որ օրինակ՝ Խորհրդային միությունում լավագույն աշխատողներին տարեվերջին 13-րդ աշխատավարձ էին տալիս, հիմա, ըստ նրա, եռամսյակը մեկ տրվող այդ պարգևավճարներն ուռճացված են: «Եթե մարդն այդքան լավ է աշխատում, ուղղակի աշխատավարձը պետք է բարձրացնեն, ոչ թե պարգևատրեն, կամ եթե աշխատողը ֆունկցիոնալ առումով ավելին է կարողանում, պետք է նրան այլ պաշտոնի նշանակել համապատասխան աշխատավարձով»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել