168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության հետ, և դրան հաջորդած՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ հանրության շրջանում տարբեր արձագանքների է արժանացել։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են, մեկը՝ զենքով, մյուսը՝ գրչով իշխանությունը բռնազավթել են։

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին. «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռերին»` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու»:

Այս ամենին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վիտալի Բալասանյանն իրեն պահում է՝ որպես «խուլիգան», այլ ոչ թե՝ Արցախի նախագահի թեկնածու:

«Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն՝ էրկան, գոդը` տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»,- գրել էր նա:

Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ այս թեմային, քանի որ այդ հայտարարությունը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով երկուստեք հնչող այս հայտարարություններին և դրանց հետագա զարգացումներին՝ նշեց, որ այս ամենը ոչ թե Արցախի և Հայաստանի քաղաքական գործիչների միջև տեղի ունեցող «փոխհրաձգություն» է, այլ այս ամենի իրական հասցեատերը Արցախի և Հայաստանի իշխանություններն են։

«Վիտալի Բալասանյանն այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն նա հանդիսանում է Արցախի քաղաքական վերնախավի մի մասնիկը։ Բնականաբար, Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև է այս լարումը տեղի ունենում»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ նրա՝ այս իրավիճակի լուծման համար կան մի քանի տարբերակներ, որոնցից մեկն այն է, որն այս պահին ՀՀ իշխանություններն առաջ են տանում, այն է, որ հաջորդ տարի կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում աջակցեն իրենց թեկնածուին։

«Եթե ՀՀ իշխանությունների ցանկալի թեկնածուն դառնա Արցախի նախագահ, ապա նրա միջոցով կկարողանան փոխել ուժային կառույցների ղեկավարներին, և այդ ամենից հետո համապատասխան քաղաքականության արդյունքում կլռեցվեն Հայաստանի իշխանությունների դեմ եղած բոլոր դժգոհությունները։ Իհարկե, այլ տարբերակներ էլ կան, բայց այս պահին միայն այսքանը կասեմ»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Նա չբացառեց, որ Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվեն, հիշեն, օրինակ, որ նա ինչ-որ խաղալիք է «գողացել», ինչն ընդունված է ներկայիս իրավապահ համակարգի կողմից, որը կիրառում են իշխանությունների համար ոչ ցանկալի անձանց դեպքում։

«Այս պահին քիչ հավանական է՝ նման բան իրականացնել Արցախի իրավապահ մարմինների կողմից, սակայն ՀՀ իրավապահ համակարգի կողմից կարող է փորձ կատարվել ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Բայց սա ժամանակավոր լուծում է, մինչև հարցի վերջնական լուծումը՝ այն տարբերակը, որն առաջ են տանում Հայաստանի իշխանությունները»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել