Pastinfo.am-ը գրում է․

«ԱԱԾ-ն նայելու է ամբողջական տեքստը եւ բնականաբար, այնտեղ որեւէ հանցակազմ չի տեսնելու , ինչո՞ւ են ԱԱԾ-ին դնում անհարմար վիճակի մեջ, ինչո՞ւ են պատվիրում անել մի բան, որ չկա այդ տեսագրության մեջ », -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցի տեսանյութը ԱԱԾ ուղարկելու գլխավոր դատախազության հայտարարությանը։

Հիշեցնենք, հարցազրույցում Վիտալի Բալասանյանը մտահոգություններ է հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, անդրադարձել է 2018 թվականի ապրիլյան քաղաքական գործընթացներին՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում։ Բալասանյանը խոսել է նաեւ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման դեպքերից եւ անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչներ Գարեգին

Չուգասզյանի ու Ժիրայր Սեֆիլյանի միջեւ վերջերս տեղի ունեցած հանդիպմանը։

«Թող դատախազության քննիչները քննեն, բայց ԱԱԾ-ին են վարկաբեկում, որ հետո ասեն՝ ԱԱԾ քննչական մարմինը հանենք, տանենք Սորոսի «լ....» Սասուն Խաչատրյանի կառույցի տակ պառկեցնենք։ Սա մեծ վտանգ է՝ ուզում են վարկաբեկել ԱԱԾ քննչական վարչությունը, որովհետեւ հասարակությանը ներկայացվում է, թե Բալասանյանը ահաբեկչական ակտի կոչ է արել»,-կարծում է Իսագուլյանը։

Գառնիկ Իսագուլյանը առհասարակ, տարօրինակ է համարում Բալասանյանի հարցազրույցին իշխանության արձագանքը. «Եթե նրանք նայել են հարցազրույցը եւ փորձել են ինչ-որ բառեր ու մտքեր հանել դրանից եւ ըստ իրենց նախասիրության դիտարկել, որեւէ բան չի կարող լինել, չկար որեւէ բան, որը կարելի է համարել ոչ համարժեք կամ ոչ համահունչ մեր իրականությանը։ Շատ պարզ ներկայացվում է առկա իրավիճակը, փոխհարաբերությունները՝ թե ներանձնային, թե ներպետական։ Որեւէ խնդիր ես այստեղ չեմ տեսնում»։

Գառնիկ Իսագուլյանը խնդրահարույց չի համարում նաեւ Վիտալի Բալասանյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ վերջինս խոսում է հնարավոր ահաբեկչական գործողություններին պատասխան հարված հասցնելու մասին։ «Այդքան անհանգստացրե՞լ է ահաբեկիչներին, հետաքրքիր է չէ՞, Վարուժան Ավետիսյանը, որի հրամանով սպանվել են երեք ոստիկաններ ՊՊԾ գնդում , կոչ է անում ոստիկանությանը՝ իրենց փրկել Վիտալի Բալասանյանից։ Վիտալի Բալասանյանն ի՞նչ է ասում, նա ասում է, որ 2016 թվականի հուլիսին նրանք իրականացրել են ահաբեկչական գործողություն, ինչը փաստ է, ակնհայտ է՝ ունենք զոհեր, պատանդներ։ Նա ասում է, որ այդ ժամանակ չոչնչացրեցինք, հիմա, եթե փորձեն , կոչնչացնենք», -ընդգծեց Իսագուլյանը՝ շեշտելով.«Բացառապես Վիտալի Բալասանյանի շնորհիվ էր, որ ՊՊԾ գնդում ահաբեկիչներից զոհ չունեցանք, այսինքն, նա փրկեց ահաբեկիչների կյանքը, չնայած, որ բոլոր պարագաներում ամբողջ աշխարհում ընդունված կարգ կա՝ ահաբեկիչների հետ չմտնել բանակցությունների եւ ոչնչացնել, կարելի է նրանց ֆիզիկապես ոչնչացնել »։

Ըստ Իսագուլյանի, Վիտալի Բալասանյանը նախազգուշացնում է, որ եթե նրանք նույն ոճով փորձեն գալ իր , Արցախի քաղաքացիների, Արցախի իշխանությունների եւ սահմանների վրա, ապա այս անգամ ներում - բեկում չի լինելու։

«Նախ անհասկանալի է՝ ինչո՞ւ հայաստանյան իշխանությունները երեք ոստիկան սպանած ահաբեեկիչներին ազատեցին եւ ոչ միայն ազատեցին, այլեւ ընդունում են ամենաբարձր մակարդակով, հրավիրում են բոլոր պետական միջոցառումներին, հասկանո՞ւ եք, ահաբեկիչների մասին է խոսքը եւ նրանք էլ վարչապետի մոտից դուրս գալուց հետո հայտարարում են, թե հանրապետականները դեռ ո՞ղջ են, դեռ կ՞ան»։

Գառնիկ Իսագուլյանի խոսքով, Վիտալի Բալասանյանը շատ պարզ ասում է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրեն միաձուլել է , հավասարը հավասարի նման ահաբեկիչներին նույն հարթակի վրա է դրել եւ նրանց հետ դարձել մեկ ամբողջություն, չի բացառվում, որ նրանք ահաբեկչական ակտ կարող են կատարել նաեւ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեմ, բայց դա իրենց գործն է, որովհետեւ Փաշինյանը ինքն է ներքաշվել այդ ահաբեկչական խմբի տիրույթ եւ նրանց բերել իր տիրույթ։ «Ինչի՞ց են ահաբեկված, Վիտալի Բալասանյանը ուղղակի զգուշացնում է նոր ահաբեկչությունների մասին, որը կարող է իրականացնել «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը, ընդ որում, հայաստանյան հատուկ ծառայությունները չեն տիրապետում որոշակի ինֆորմացիաների, որոնց տիրապետում է , այո, Վիտալի Բալասանյանը» ։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե հարցազրույցի տեսանյութը Գլխավոր դատախազությունն ԱԱԾ ուղարկեց այն բանից հետո, երբ վարչապետի խոսնակը հայտարարեց, որ դրա բովանդակության գնահատականը պետք է իրավապահ մարմինները տան , Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ում պատվերն է կատարում Վլադիմիր Կարապետյանը, բայց իրավապահ մարմինները ինչի՞ պատասխանը տան, նա լսե՞լ է այդ հարցազրույցը։ Լավ, որպես վարչապետի խոսնակ, այնտեղ որեւէ կրիմինալ տեսե՞լ է։ Նա պետք է վարչապետին ասեր ՝ պարոն վարչապետ, Վիտալի Բալասանյանը շատ ճիշտ զգուշացում է անում, որ այս ահաբեկչական խումբը կարող է Ձեր նկատմամբ էլ ահաբեկություն անել, որովհետեւ Դուք միացել եք նրանց հետ, իսկ այդ մարդիկ արդեն ահաբեկչություններ արել են։ ՊՊԾ գունդը մոռացե՞լ են, Նիկոլը դրա մեջ եղել է...չի եղել ...ի՞նչն է պատճառը, որ չի գիտակցում՝ երբ ահաբեկիչներին այդքան մոտ է թողնում, մի օր իր կյանքին էլ կարող է վտանգ սպառնալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել