Hraparak.am-ը գրում է․

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը, ըստ ոստիկանության ձեռք բերած փաստական տվյալների, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլար՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։ 

Ըստ ոստիկանության՝ Արմեն Սարգսյանը Ռուսաստանից Հայաստան տեղափոխել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը, հաշվառելով իր վարորդի անվամբ, յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։ Հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանը վերականգնել է պատճառված վնասը։

Մենք տեղեկացանք, որ Արմեն Սարգսյանը ունի կասկածյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Շենգավիթի վարչական շրջանի ներկայիս թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի մասին տեղեկացել է Ֆեսյբուքից, իսկ թե ովքեր են եղել նախկին թաղապետին օժանդակողները, դրամահավաքին մասնակից անձինք, տեղյակ չէ․ «Ընդհանրապես գործին ծանոթ չեմ։ Ես տեղյակ չեմ, որ աշխատակիցները հարցաքննվել են, կարծում եմ, որ ոչ։ Աշխատակազմում տեղի են ունեցել փոփոխություններ, ոչ այնքան շատ, բայց տեղի են ունեցել։ Մեզ չէին իրազեկել նյութի մասին»։

Ռազմիկ Մկրտչյանը նաեւ վստահեցրեց, որ նման մեքենա իրենց մոտ հաշվառված չէ։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Արմեն Սարգսյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին ողջ օրվա ընթացքում չպատասխանեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել