Tert.am-ը գրում է.

Արցախ Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2020 թ-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին՝ նշեց, որ ՀՅԴ-ն դեռևս հստակ չի որոշել սեփական թեկնածուով հանդես կգա, թե կաջակցի այլ քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուի: «Փորձում ենք ԱՀ նախագահական ընտրություններին համաձայնեցված մեկ թեկնածու ունենալ, եթե դա չհաջողվի աշնանը, ամենայն հավանականությամբ նոյեմբերին կհրավիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք»,-ասաց նա:

-Պարոն Բալայան, 2020 թ-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ 4 քաղաքական ուժեր հայտարարել են, որ սեփական թեկնածուով հանդես կգան: Նաև Սամվել Բաբայանն է ընտրություններին մասնակցելու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց սկսել:  ՀՅԴ-ն ևս սեփական թեկնածու ունենալը չէր բացառել, թեև մինչ այդ հայտարարել էր, որ Արցախի քաղաքական ուժերի հետ նախընտրական բանակցությունների փուլ է սկսում: ՀՅԴ-ն, ի վերջո, նախագահի թեկնածու կունենա՞, թե ոչ:

-Մենք օգոստոսի 29-ին հանդես ենք եկել հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ ներսում համերաշխություն ապահովելու նկատառումով և առաջարկել ենք քաղաքական ուժերին բանակցել որոշակի գաղափարների շուրջ, որը պետք է նյութականանա 2020 թվականի ընտրություններից հետո,  այսինքն՝ ով կարող է նախագահ դառնալ և այդ գաղափարներն իրականություն դարձնել: Ասեմ, որ արդեն մեկ շաբաթ առաջ մենք այդ կոնսուլտացիանները Արցախում գրանցված 22 կուսակցությունների հետ վարել ենք, և հիմա 2-րդ փուլ պետք է ընթանա, որից հետո որոշվի, թե ով կարող է լինել այդ թեկնածուն: Այո, ի սկզբանե մենք ասել ենք, որ մենք ունենք նախագահի մեր կուսակցական թեկնածուն, բայց որպեսզի լինի ներքին համաձայնություն, այդպես  փորձում ենք համաձայնեցված մեկ թեկնածուի վրա կանգնել,  այսինքն՝ մենք պատրաստ ենք բանակցել, խոսել և հնարավոր է՝ կանգ առնենք այլ կուսակցությունից թեկնածուի վրա, կամ գուցե անկուսակցական  լինի, առայժմ հստակեցված չէ: Եթե  դա չհաջողվի աշնանը, ամենայն հավանականությամբ նոյեմբերին կհրավիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք, այսինքն  մենք այս ճանապարհն ենք ուզում անցնել: Կարևոր է մեր այս նախաձեռնությունը, որպեսզի 2020 թ-ից հետ էլ հեշտ լինի նախագահի  համար աշխատել և ունենալ հանրային մեծ օժանդակություն և համակրանք:

-Ասացիք, որ ունեք նախագահի Ձեր կուսակցական թեկնածուն, կասե՞ք, ամեն դեպքում, թե ում մասին է խոսքը:

-Իհարկե չեմ կարող ասել, ինչպես ասում են, դեռևս ժամանակ կա, և կարիք չկա բանակցություններից առաջ անուն նշել:

-Իսկ առաջադրված թեկնածուների հետ կոնկրետ հանդիպումներ եղե՞լ են և կա՞ն այնպիսիք, որոնք Ձեզ հետո ունեն առավել գաղափարական ընդհանրություններ, և ընդհանրապես  միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին ինչպե՞ս են արձագանքում:  

- Պատկերացրեք՝ բոլոր քաղաքական ուժերն էլ մեր գաղափարները կիսում են, այն գաղափարները, որոնց միջոցով պետք է երկիրը առաջ շարժվի: Մի մասն էլ ընդհանրապես դեմ չէ, որ միասնական ճակատով փորձ արվի դուրս գալ: Իսկ գաղափարները վերաբերում են Արցախի  տարածքային ամբողջականության հարցերին, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական արդարությանը և  այսպես շատ ու շատ հարցերին, որոնց պետք է փորձենք արմատական լուծումներ ապահովել: Այս գաղափարների շուրջ է առայժմ, իսկ թեկնածուների շուրջ երկրորդ փուլում քննարկում կկատարենք, ամենայն հավանականությամբ Արցախի բարեկամների ֆորումի ավարտից հետո: Հավանաբար, տեղյակ եք, որ կուսակցության աջակցությամբ և Արցախյան կառավարության մասնակցությամբ ֆորում է կազմակերպվել, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, 30 երկրներից շուրջ 150 պատվիրակներ կլինեն, այս ամենը վերջացնելուց հետո կանցնենք մյուս փուլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել