Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում նախաքննական մարմինը նրա մասնակցությամբ քննչական գործողություններ չի կատարում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

«Որեւէ քննչական գործողություն՝ ներառյալ առերեսում չի կատարվել»,-մեզ հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։ Նախկին ոստիկանապետը դժվարանում է նշել, թե նախաքննական մարմինն ինչու է հապաղում։

«Ես ասել եմ՝ համաձայն չեմ մեղադրանքի հետ։ Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պատճառով շատ կարեւոր բանից զրկվեցի, որը ուղղակի ինձ հոգեբանորեն շատ ճնշեց, ես շատ վնասներ կրեցի այս մի քանի օրը չբացակայելու համար։ Շատ կարեւոր էր իմ բացակայելը մեկ-երկու օրով, դա էլ թույլ չտվեցին։ Նստած՝ սպասում եմ։ Մեկ տարի, երկու տարի...որքան պետք է կսպասեմ» ,-ասաց Ալիկ Սարգսյանը ՝ հավելելով, որ խնդիրը բարոյական է եւ իր պետք էր լինել մի մարդու կողքին, որն իր կարիքն ուներ։

«Դրանից էլ զրկեցին, ոչինչ, միեւնույնն է, ոչինչ չի ընկալվում, ոչինչ չի ընդունվում , այս մեթոդներով առաջ են գնում։ Հետո կբացատրեմ, թե ինչ խնդիր էր»,-ասաց Ալիկ Սարգսյանը։

Նախկին ոստիկանապետը չցանկացավ գնահատական տալ, առհասարակ , նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ իշխանության վարած քաղաքականությանը.«Եթե քաղաքականություն բառը արդեն կա, ես որեւէ մեկնաբանություն տալ չեմ ցանկանում»։

Հարցին, արդյո՞ք իր նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Առայժմ չեմ դիտարկում, սպասում եմ։ Չեմ կարծում, թե իմ դեմ հարուցված գործը որեւէ կերպ նպաստելու է Մարտի 1-ի գործի բացահայտմանը։ Ափսոսում եմ, բայց, դե հարուցել են, երեւի նպատակ ունեն, սպասենք քննությանը, երեւի ինչ-որ բաներ պետք է պարզաբանել, իմ կարիքն էլ կար, թող հարցաքննեն»։

Սեպտեմբերի 29-ին «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել